login
Հայացք ներսից
«Մեծ ոգևորությամբ եմ հետևում դասընթացին․ լավ մշակված ծրագիր է» ՀԲԸՄ ՀՎՀ ազատ դասընթաց ծրագրի ուսանողի կարծիքը 06/26/2025

«Յուրաքանչյուրս պետք է պահպանի, փոխանցի և հավերժ պահի հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը»։ Այս գիտակցումը դարձավ Լուսինե Հայրապետյանի գլխավոր շարժառիթը՝ խորացնելու հայոց լեզվի իր գիտելիքները ՀԲԸՄ ՀՎՀ առցանց դասընթացների միջոցով։

 

Լուսինե Հայրապետյանը 28 տարեկան է: Մասնագիտությամբ թարգմանիչ է և օտար լեզուների դասախոս։ Բնակվում է Մոսկվայում և աշխատում Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում։ Ծնողները Արցախից են՝ Մարտակերտի շրջանի Աթերք գյուղից։ Պատերազմի հետևանքով ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան։ Լուսինեն մեծացել է հայախոս ընտանիքում, որտեղ հաճախ լսում էր զրույցներ հայոց պատմության, մշակույթի և գրականության մասին։

 

Ուսանողական տարիներին Լուսինեն մասնակցեց հայոց լեզվի դասընթացի և առաջին անգամ այցելեց Հայաստան։ Այցից հետո սկսեց ավելի շատ հետաքրքրվել երկրով, լեզվով և մշակույթով։ Երևանի պետական համալսարանում անցկացրած մեկամսյա ուսումնական շրջանից հետո Լուսինեն համոզվեց, որ ցանկանում է ավելի խորացնել իր գիտելիքներն և ամրապնդել կապը հայոց լեզվի հետ։

 

Բարեբախտաբար, ծրագրի ընթացքում նա ընկերացավ Բրազիլիայից ժամանած Մարիանա Փափազյանի հետ, ում խորհրդով էլ ծանոթացավ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ծրագրերին։ Գրանցվելուց հետո Լուսինեն սկսեց հայոց լեզվի իր առցանց ուսումը ՀՎՀ-ում։

 

Մենք հարցազրույց ունեցանք Լուսինեի հետ և խոսեցինք ՀՎՀ-ում առցանց ուսման իր փորձի մասին։

 

Ի՞նչ կասեք ՀԲԸՄ ՀՎՀ-ում առցանց ուսուցման վերաբերյալ։ Ի՞նչը Ձեզ գրավեց ամենից շատ։

 

«Անցյալ տարի որոշեցի շարունակել հայերենի ուսումը ՀՎՀ հարթակում։ Կյանքի և աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում առցանց ուսումը լավագույն տարբերակն էր ինձ համար»։

 

Ինչո՞ւ ընտրեցիք ՀՎՀ ազատ դասընթացի ծրագիրը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեիք, և արդյոք դրանք արդարացա՞ն։

 

«Ընտրեցի ազատ դասընթացի ուսուցման ձևաչափը, քանի որ ուզում էի ինքնուրույն կառավարել ժամանակս։ Սա իմ առաջին փորձն էր այսպիսի դասընթացում։ Լավ մշակված ծրագրի, ինչպես նաև իմ հետևողական աշխատանքի շնորհիվ ավարտեցի դասընթացը և ոգևորությամբ կշարունակեմ ուսումս։ Այս տարի ևս մեկ մակարդակ ավարտեցի, ինչն ինձ համար մեծ նվաճում է։ Վստահությամբ կարող եմ ասել, որ բոլոր ակնկալիքներս արդարացան։ Շատ շնորհակալ եմ ձեր թիմին, ինչպես նաև իմ հեռավար դասախոս Գոհար Գևորգյանին»։

 

Ինչպե՞ս եք կիրառում հայերենը առօրյա կյանքում։

 

«Հայերեն սովորելն իմ առօրյա կյանքի անբաժանելի մասն է։ Ամեն օր հայերեն եմ խոսում ընտանիքի և ընկերների հետ։ Իսկ գրագիտությունս պահպանելու համար փորձում եմ հնարավորինս հաճախ կարդալ հայերեն գրականություն՝ իմ լեզվական մակարդակին համապատասխան»։

 

Ի՞նչ խորհուրդ կտաք այլ ուսանողների։ Ինչպե՞ս կարող են կանոնավոր և ոգևորված հետևել դասերին։

 

«Կարծում եմ՝ կարևոր է մտածել հետևյալ հարցերի շուրջ․ «Ո՞վ եմ ես։ Կարո՞ղ եմ ինձ հայ համարել։ Ցանկանո՞ւմ եմ փոխանցել իմ լեզուն, մշակույթը, արժեքներն իմ երեխաներին։ Ցանկանո՞ւմ եմ իմանալ, թե ինչ նշանակալի դեր են խաղացել հայերը ոչ միայն մեր ազգի, այլ նաև ամբողջ մարդկության պատմության մեջ, և պահել այդ հիշողությունը ապագա սերունդների համար»։ Երբ ինքս պատասխանեցի այս հարցերին, հասկացա, որ ամենքս պարտավոր ենք պահպանել, զարգացնել և տարածել մեր լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Այդ գիտակցումն էլ հենց դարձավ իմ ամենամեծ շարժառիթը»։

 

Լեզվի ուսումը օգնե՞լ է ձեզ անձնական կամ մասնագիտական կյանքում։

 

«Հայերենի ուսումն օգնել է ինձ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական ոլորտներում։ Հիմա կարողանում եմ ավելի ազատ շփվել ընկերներիս հետ, ովքեր խոսում են գրական հայերենով։ Իսկ մասնագիտական առումով ինձ՝ որպես լեզվաբանի միշտ հետաքրքրել են լեզուների կառուցվածքներն ու տարբերությունները։ ՀՎՀ-ում սովորելու ընթացքում ուսումնասիրեցի բազմաթիվ հետաքրքիր լեզվաբանական երևույթները և տարբերությունները հայերենի, անգլերենի, ռուսերենի և իսպաներենի շարահյուսական կառուցվածքների միջև։ Դա իսկապես ոգևորիչ էր»։

 

Լուսինեն ցանկանում է շարունակել իր ուսումը և հասնել նոր արդյունքների։ «Երախտապարտ եմ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանին այս բացառիկ հնարավորության համար։ Առցանց ուսուցման շնորհիվ ես կարողանում եմ խորացնել հայերենի իմ գիտելիքներն ու կապն իմ մշակույթի հետ։ Շնորհակալ եմ թե՛ դասընթացների հեղինակներին, թե՛ իմ հեռավար դասախոսին մայրենի լեզվի, պատմության ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված նրանց ներդրման համար»։