login
Հայացք ներսից
Երազանքների կամուրջը․ զրույց ՀՎՀ մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Նանոր Թութունջյանի հետ 03/23/2026

Նանոր Թութունջյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 2012 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, սակայն միշտ կարևորել է հայկական ինքնությունը:

 

Սիրիայում անցկացրած տարիներին ուսանել է ՀԲԸՄ Լազար Նաջարյան - Գալուստ Գյուլբենկյան վարժարանում, ապա ստացել բարձրագույն կրթություն Երևանի պետական բժշկական համալսարանի՝ ֆարմացիայի ինստիտուտում։

 

2023 թվականից Նանորը դասավանդում է ԱՄՆ-ի «Կաբայան» տարրական դպրոցում՝ որպես հինգերորդ դասարանի հայոց լեզվի ուսուցիչ: Նանորի գլխավոր նպատակն է լեզվի դասավանդումն աշակերտների համար դարձնել հետաքրքիր և հաճելի։ «Վստահ եմ, որ սրտանց դասավանդվող լեզուն ոչ թե պարզապես առարկա է, այլ ինքնություն»:

 

Նանորը, ձգտելով խորացնել կապը սեփական արմատների հետ, գրանցվեց ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի առցանց դասընթացներին և հաջողությամբ ավարտեց «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մագիստրոսական ծրագիրը։

 

Մագիստրոսի աստիճանը հաջողությամբ ստանալուց հետո Նանորին մի քանի հարց ուղղեցինք։ Ահա նրա ուսումնական փորձառությունից մի քանի օրինակ.

 

1. Որտե՞ղից տեղեկացաք ՀԲԸՄ ՀՎՀ-ի մասին և ինչո՞ւ որոշեցիք շարունակել ուսումը հենց այս մագիստրոսական ծրագրում։

 

Հայոց լեզվի իմ գիտելիքները բարելավելու նպատակով որոշեցի շարունակել կրթությունս հայագիտության ոլորտում։ Տարբեր կայքեր ուսումնասիրելուց և մանրակրկիտ հետազոտություն անցկացնելուց հետո եկա այն համոզման, որ ՀԲԸՄ ՀՎՀ-ն ինձ համար ամենահարմար տարբերակն է։ Այն ոչ միայն կիրառում է նորագույն տեխնոլոգիայի հնարավորությունները, այլև առաջարկում է ծրագրեր, որոնք հասանելի են և ճկուն՝ հարուստ հիանալի դասավանդման մեթոդներով:

 

2. Ծրագրի ընթացքում եղե՞լ են դժվարություններ, և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք։

 

Ծրագրի ընթացքում լուրջ դժվարությունների չեմ հանդիպել։ Ուսման ամբողջ ընթացքում ինձ ուղեկցել են փորձառու և նվիրված մասնագետներ։ ՀԲԸՄ ՀՎՀ կրթական բաժնի ղեկավար Մարինե Խաչատուրյանը, արևմտահայերենի բաժնի համակարգող Զեփյուռ Խպլիկյանը և իմ մագիստրոսական թեզի գիտական ղեկավարը՝ բանասեր դոկտոր Հակոբ Չոլաքյանը, մեծ պատրաստակամությամբ էին արձագանքում իմ հարցերին:

 

3. Ի՞նչ առավելություններ ունի առցանց մագիստրոսական ծրագիրը:

 

Ծրագրի ամենակարևոր առանձնահատկություններից են ճկունությունն ու հարմարավետությունը։ Այս ձևաչափի միջոցով կարելի է համատեղել ուսումն աշխատանքի և ընտանեկան պարտականությունների հետ։

 

Աշխարհի ցանկացած կետից կարող ես ձեռք բերել այս գիտելիքը: Այն մի կամուրջ է, որը քեզ կապում է քո երազանքներին։ Այս ձևաչափը նաև զարգացնում է կարգապահությունը, պատասխանատվության զգացումը և ժամանակի արդյունավետ կառավարման հմտությունները։ Առցանց մագիստրոսական ծրագրի շնորհիվ կարելի է շարունակաբար զարգացնել սեփական կարողությունները։

 

4. Այլ ուսանողների խորհուրդ կտա՞ք հետևել ՀԲԸՄ ՀՎՀ ծրագրերին:

 

Անպայման խորհուրդ կտամ. այս ծրագրերը մասնագիտական և անձնական աճի լավ հնարավորություն են: Բացի այդ, առցանց ձևաչափը մի կամուրջ է, որը աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ ուսանողներին միավորում է մեկ կրթական համայնքում։ ՀԲԸՄ ՀՎՀ ծրագրերն անկասկած վստահելի են և կարևոր:

 

Նանոր Թութունջյանի մագիստրոսական թեզի պաշտպանության տեսանյութից հատվածները կարող եք դիտել այստեղ։