Ժառանգության և հիշատակի ոգեկոչում․ ՀԲԸՄ ՀՎՀ վեբինարը
06/06/2026
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնադրման 120-ամյակի առիթով ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ապրիլի 26-ին կազմակերպեց բացառիկ վեբինար՝ ներկայացնելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՀԲԸՄ-ի առանցքային մարդասիրական առաքելությունը։
«ՀԲԸՄ՝ 120 տարի. ՀԲԸՄ առաքելությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» խորագրով վեբինարի խոսնակն էր անվանի պատմաբան դոկտոր Ռայմոնդ Գևորգյանը։
Դոկտոր Գևորգյանը «Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» գրքի համահեղինակն է: Աշխատությունը սկզբնապես տպագրվել է 2006 թվականին՝ նվիրված ՀԲԸՄ-ի 100-ամյակին։ Երկհատորյակի էլեկտրոնային տարբերակը մշակվել է ՀՎՀ-ի կողմից՝ ՀԲԸՄ-ի 110-ամյակի առիթով։
Վեբինարի ընթացքում դոկտոր Գևորգյանը ներկայացրեց ՀԲԸՄ-ի պատմական դերը և հարատև առաքելությունը՝ անդրադառնալով հայ ժողովրդի պատմության ամենամութ ժամանակաշրջաններից մեկին։
Իր բացման խոսքում ՀԲԸՄ փոխնախագահ և ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը նշեց. «ՀԲԸՄ գլխավոր առաքելությունն է ինքնության պահպանումն ու բարեգործության խթանումը: ՀԲԸՄ 120-ամյակը ևս մեկ առիթ դարձավ՝ խորհելու այն մասին, թե ինչպես հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ ՀԲԸՄ-ն կարողացել է հոգալ հայ ժողովրդի փոփոխվող կարիքները»:
Դոկտոր Ռայմոնդ Գևորգյանը, ներկայացնելով ՀԲԸՄ-ի պատմության էջերը, նշեց, որ այն իր մարդասիրական գործունեությամբ դարձել է հայ ժողովրդի փրկարար օղակը՝ հենարանը:
Վեբինարի վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում թեմայի շուրջ: Մասնակիցներին հնարավորություն տրվեց խոսնակին ուղղել իրենց հարցերը։
Վեբինարի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ։
«Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» էլեկտրոնային գիրքը հասանելի է անգլերենով, ֆրանսերենով և արևմտահայերենով։ Գիրքը կարող եք ներբեռնել կամ առցանց ընթերցել՝ այցելելով հետևյալ հղումով: