Հայկական կրթությունը աշխարհի տարբեր դպրոցներում․ ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը
10/19/2026
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը շարունակում է հայկական կրթությունը հասանելի դարձնել աշխարհի տարբեր երկրներում գործող դպրոցներին և համայնքներին՝ համատեղելով առկա ուսուցման առավելությունները ՀՎՀ-ի առցանց դասընթացների և կրթական ռեսուրսների հետ։
Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին։ Այնուհետև ընդլայվել է՝ ներառելով աշխարհի տարբեր երկրների 91 հայկական դպրոցներ, համալսարաններ և համայնքներ։ Ծրագրի շրջանակում առաջարկվում են հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական մշակույթի և շախմատի դասընթացներ։ Հիմնական դասընթացները հասանելի են դասավանդման 8 լեզուներով։ Վերջին տարիներին ծրագրի շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև Հայաստանի ավագ դպրոցների համար նախատեսված «STEP.ai․ արհեստական բանականություն» դասընթացը։
Աշակերտները սովորում են իրենց դպրոցների կամ համայնքների ուսուցիչների աջակցությամբ՝ միաժամանակ կապ պահպանելով ՀԲԸՄ ՀՎՀ-ի հեռավար դասախոսների հետ։ Հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը նոր հնարավորություններ է ստեղծում՝ սովորելու, բացահայտելու և միասին մասնակցելու տարբեր նախաձեռնությունների։
Վիրտուալ այցելությունների, սոցիալական միջոցառումների և համատեղ միջազգային նախագծերի միջոցով աշակերտները բացահայտում են հայկական ժառանգությունը և ձեռք բերում գիտելիքներ։ Այս նախաձեռնությունների և միջոցառումների միջոցով հայոց լեզվի, պատմության, գրականության և մշակույթի ուսումնասիրումը դառնում է ավելի հետաքրքիր և բովանդակալից։
ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի հիբրիդ (խառը) կրթության ծրագրի աշակերտուհի Էվան ասում է․ «Ես շատ եմ սիրում ՀԲԸՄ ՀՎՀ-ն, որովհետև դասընթացները շատ հետաքրքիր են և ուսուցողական»։
Ռոսարիոյի ազգային համալսարանի հայկական ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Սաբրինա Դեմիրճյանը ծրագրի մասին իր տեսակետն է հայտնում․ «Ուրախ եմ, որ ՀԲԸՄ ՀՎՀ-ն ներգրավված է ուսումնառության գործընթացում։ Մուլտիմեդիա նյութերի՝ ձայնագրությունների, տեսանյութերի և պատկերավոր դասընթացների միջոցով ուսանողներն ավելի հաճույքով և հետաքրքրությամբ են սովորում դասերը»։
Կրթության, տեխնոլոգիաների և մեծ համայնքի միջոցով ՀՎՀ-ն շարունակում է աշխարհին հասանելի դարձնել հայկական կրթությունը՝ ուսուցիչներին ընձեռելով մասնագիտական աճի, վերապատրաստման և զարգացման հնարավորություններ։
Ծանոթացե՛ք ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիբրիդ ծրագրին: