login
Հոդվածներ
Սփյուռքի երիտասարդները վերադառնում են իրենց հայկական արմատներին ArmEssence ծրագրի և ՀԲԸՄ ՀՎՀ-ի աջակցությամբ 07/19/2025

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) աշխարհասփյուռ հայությանը կրթությամբ ապահովելու իր նպատակի շրջանակում համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաստեղծ ArmEssence ամառային կրթական ծրագրի հետ՝ ներգրավելով սփյուռքահայ երիտասարդներին։


Ծրագիրը միավորում է տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երիտասարդների՝ առաջարկելով կրթական և հոգևոր հարուստ փորձառություն, որի հիմքում ընկած են հայոց լեզվի, պատմության և կրոնի ուսուցումը։ ArmEssence ծրագրի նպատակն է ամրապնդել երիտասարդների կապն իրենց ժառանգության հետ տարբեր դասընթացների, ուխտագնացությունների, եկեղեցական այցելությունների և այլ մշակութային միջոցառումների միջոցով։
 

Ծրագրի կրթական մասն ամբողջովին ապահովում է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը։ Մասնակիցները ՀՎՀ-ի կողմից մշակված դասընթացներով սովորում են արևելահայերեն և ուսումնասիրում հայոց պատմություն։ Դասերն անցկացվում են Էջմիածնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական կենտրոնում, ՀՎՀ դասախոսների կողմից։
 

«Մինչև ծրագրին մասնակցելը մեր պատմության մասին գրեթե ոչինչ չգիտեի, իսկ այժմ արդեն բավականին բան եմ սովորել, – ասում է Վաշինգտոնից ժամանած մասնակից Նիքոլեթ Բլեքուելը, - շատ ուրախ եմ, որ կա այսպիսի հնարավորություն»։
 

Եռշաբաթյա ծրագրի ավարտին անցկացվեց ամփոփիչ քննություն, որի արդյունքների համաձայն՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի դասախոսներ Անի Դեկիրմենչյանը (հայոց պատմություն) և Մարիամ Հարությունյանը (հայոց լեզու) մեծ գոհունակությամբ արձանագրեցին մասնակիցների զգալի առաջընթացը կարճ ժամանակում։
 

Այս տարի ArmEssence ծրագիրը հյուրընկալեց 36 մասնակից՝ երկու խմբերով։ Նրանք ժամանել էին Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Ավստրիայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։
 

Որպեսզի մասնակիցները կարողանան շարունակել հայագիտական ուսումը նաև հայրենիքից դուրս, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը նրանց հնարավորություն է տալիս օգտվել առցանց դասընթացներից հետագա ուսուցման նպատակով։
 

Ծրագրի վերաբերյալ դիտեք «Շողակաթ» հեռուստաընկերության անդրադարձը այստեղ։