login
Հոդվածներ
Օնլայն կրթության ոլորտի անվանի փորձագետներին հիացրել է ՀՎՀ-ի փորձը 09/24/2015
2015 թվականի սեպտեմբերի 24-ին օնլայն կրթության բնագավառի նշանավոր փորձագետներն այցելեցին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան ծանոթանալու ՀՎՀ-ի գործունեությանը և ծրագրերին, կիսվելու իրենց փորձառությամբ և քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները: ՀՎՀ հիմնադիր Երվանդ Զորյանը, ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը և տեխնիկական գծով տնօրեն Արթուր Ավագյանը փորձագետներին ներկայացրեցին ՀՎՀ-ի ծրագիրը, ինչպես նաև ուսումնական այն օնլայն գործիքները, միջավայրը և միջոցները, որոնք ապահովում են ՀՎՀ-ի կրթական համակարգի գործունեութունը: Փորձագետները հիացած էին ՀՎՀ-ի վեցամյա գործունեության ընթացքում ձեռքբերած հաջողություններով: ՀՎՀ-ն կարողացել էր նորարարական ճանապարհով կիրառել ոլորտում առկա օնլայն գործիքները և, արդյունքում, արձանագրել թիրախ լսարանի հետաքրքրվածության բարձր մակարդակը և գոհունակությունը: ՀՎՀ-ի բազմազգ լսարանը և էթնիկ տարբերությունները հաղթահարվել են համալսարանում կիրառվող դասավանդման յոթ լեզուներով՝ ստեղծելով օնլայն կրթության ընդարձակ գոտի: Փորձագետները ցանկություն հայտնեցին ուսումնասիրել ՀՎՀ-ի էթնոմտածողության մշակույթը, մեկ դասընթացում խմբերի ձևավորման փորձը, բացահայտել Moodle միջավայրում էլ. ուսուցման մյուս գործիքների արդյունավետ կիրառման գրավականը: Նրանք նաև մի շարք առաջարկներ ներկայացրեցին՝ հիմնվելով օնլայն կրթության ոլորտում մասնագիտացած այլ համալսարաններում կատարած ուսումնասիրությունների արդյունքների վրա, կարևորելով հատկապես ուսանող –ուսանող և ուսանող – բովանդակություն համագործակցութունը: Փորձագետներն առաջարկեցին նաև ՀՎՀ-ի դասընթացներում ներառել խաղային տարրեր և անակնկալի եկան՝ տեսնելով, թե ինչպես է ներկայացված արքաների խաղը ՀՎՀ-ի շախմատի ծրագրում: Օգտագործելով ճիշտ-սխալ մեթոդը գլուխկոտրուկներում և վարժություններում՝ ՀՎՀ-ն կարողացել է դասը վերածել խաղի՝ դարձնելով այն առավել գրավիչ և արդյունավետ: ՀՎՀ-ն իր կողմից խոստացավ փորձագետներին տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկություններն ուսումնասիրության համար՝ օգնելով նրանց ստանալ հետազոտական ցանկալի արդյունքներ: Հանդիպումը երկարատև և երկուստեք շահավետ համագործակցության սկիզբ դրեց, քանզի արդյունքները կարող են օնլայն կրթության բնագավառի նոր հորիզոններ բացել և օգնել ուսանողներին, ուսուցիչներին արձանագրել նոր ձեռքբերումներ: