login
Հոդվածներ
ՀԲԸՄ ՀՎՀ-ի գործունեությունը. ամառային ծրագրեր և կարևոր իրադարձություններ 08/27/2025

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) աջակցեց ամառային տարբեր նախագծերի իրականացմանը, որոնցից առանձնանում են ՀԲԸՄ «Համաշխարհային առաջնորդության ծրագիրը» (GLP) և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված «Քայլ դեպի տուն» ծրագիրը։

 

ՀՎՀ-ն առցանց կրթության ոլորտի իր հարուստ փորձի շնորհիվ նպաստեց սփյուռքահայ երիտասարդների համախմբմանը՝ կազմակերպելով բազմաբնույթ դասընթացներ և ուսումնական միջոցառումներ։

 

Հունիսի 15-ից հուլիսի 26-ը Երևանում տեղի ունեցած «Համաշխարհային առաջնորդության ծրագրին» մասնակցեց 31 երիտասարդ՝ ԱՄՆ-ից, Հունգարիայից, Լիբանանից և Մեծ Բրիտանիայից։

 

Մասնակիցները արևմտահայերենի բաժնի պատասխանատու Զեփյուռ Խպլիկյանի և հեռավար ավագ դասախոս Անի Դեկիրմենչյանի գլխավորությամբ հետևեցին ՀՎՀ-ի արևմտահայերենի դասընթացներին և մասնակցեցին մշակութային միջոցառումներին։

 

Հունիսի 13-ից օգոստոսի 27-ը անցկացվեց «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին միացան 20 երկրներից շուրջ 600 երիտասարդներ։ 13–18 տարեկան պատանիները ժամանեցին վեց խմբերով՝ ծանոթանալու հայկական մշակույթին և ժառանգությանը գործնական փորձառությունների միջոցով։

 

ՀՎՀ համագործակցությունների և հաղորդակցության մասնագետ Կիմա Սերոբյանը ողջունեց մասնակիցներին ՀԲԸՄ-ի գրասենյակում և ներկայացրեց ՀՎՀ առցանց դասընթացները, հատուկ ծրագրերը և վիրտուալ համայնքները։

 

Ամառային ուսումնական շրջանի կարևոր իրադարձությունները

 

ՀՎՀ հեռավար դասախոսները ամառային ուսումնական շրջանում կազմակերպեցին հատուկ միջոցառում՝ «Ինքնության հետքերով․ հայկական տարազը պատմության ընթացքում» խորագրով։ Այդ ընթացքում ուսանողները ծանոթացան հայկական տարազի առանձնահատկություններին, ինչպես նաև հնարավորություն ունեցան իրենց հարցերը տալու և քննարկելու թեման լսարանի հետ։

 

Ավելի քան 940 ուսանող 63 տարբեր երկրներից գրանցվեց հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական մշակույթի և շախմատի առցանց դասընթացներին։

 

Ամառային ուսումնական շրջանի արդյունավետ ավարտից հետո ՀՎՀ-ն պատրաստվում է դիմավորել աշնանային ուսումնական շրջանը։