login
Հոդվածներ
«STEP.ai-արհեստական բանականություն» ուսումնական ծրագիրը երաշխավորվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 09/26/2025

2025 թվականի սեպտեմբերի 4-ին «STEP.ai» գիտության և տեխնոլոգիայի կրթական եռամյա ծրագիրը երաշխավորվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարարության կողմից՝ որպես ընտրովի բաղադրիչով սահմանված ուսումնական խմբակ։

 

Ավագ դպրոցներում «STEP.ai» ուսումնական ծրագրի ներդրումը բխում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանի և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի միջև 2024 թվականի հոկտեմբերին ստորագրված «Հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում «STEP» (Գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագիր) ծրագրի ներդրման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրից։

 

2025-2026 ուսումնական տարվանից Հայաստանի 15 ավագ դպրոցներ կմիանան ծրագրին և աշակերտները կսովորեն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման հիմունքները։ Եռամյա ծրագրի շրջանակներում աշակերտները կուսումնասիրեն «Արհեստական բանականություն և Python»՝ 10-րդ դասարանում, «Մեքենայական ուսուցում»՝ 11-րդ դասարանում, «Բնական լեզվի մշակում և ռոբոտաշինություն»՝ 12-րդ դասարանում։

 

Մուլտիմեդիա բովանդակությամբ ինտերակտիվ տեսադասերը նախագծված են հիբրիդային ձևաչափով՝ համադրելով առցանց և առկա ուսուցման մեթոդները՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) կողմից հրավիրված ԱԲ մասնագետի և դպրոցի ուսուցչի աջակցությամբ։ Դասավանդումն իրականացվում է ՀԲԸՄ ՀՎՀ թվային հարթակում։


Կարևորելով նման նախագծերի իրականացումը Հայաստանում՝ դոկտոր Երվանդ Զորյանը նշում է. «Լինելով արագ զարգացող աշխարհի մի մասը՝ մենք պետք է կիրառենք արհեստական բանականության կողմից տրված հնարավորությունները: Սակայն կիրառելը բավական չէ. պետք է լինենք նաև դրա ստեղծողը»։

 

«STEP.ai» ծրագրիը մեկնարկել է 2022թ.-ին ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի, Հայաստանի «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության», «Սինոփսիս» հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիայի» (կրթական բաժնի) և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի համատեղ ջանքերով:

 

«STEP.ai» ծրագրի նպատակն է ապահովել նոր սերնդին անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ հասկանալու արհեստական բանականության հիմնարար սկզբունքներն ու դրանց կիրառությունները, և նպաստել Հայաստանում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության զարգացմանը:


Դիտել ծրագիրը ներկայացնող տեսահոլովակը: