ՀԲԸՄ ՀՎՀ-ն «405 կրթական դաշինք»֊ի համահիմնադիր` ի նպաստ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումների
11/05/2025
Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), որպես ՀԲԸՄ֊ի կրթական առաջատար հաստատություն, միացել է «405 կրթական դաշինք»֊ին (405), որի նպատակն է համատեղ աշխատանքի, հետազոտությունների և նորարարության միջոցով խթանել Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումը։
Դաշինքի անվանումը խորհրդանշում է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծման տարին։ «405 կրթական դաշինքը», հիմք ընդունելով հայոց գրերի ստեղծման գլխավոր նպատակը՝ մշակութային և ազգային միասնության ամրապնդումը, ձգտում է կրթությամբ պահպանել ազգային ինքնությունը։
Այս նոր համագործակցությամբ դաշինքի համահիմնադիր անդամները նպատակ են սահմանել ուսումը դարձնելու ավելի նորարարական, մատչելի և որակյալ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և գիտահետազոտական մոտեցումներ թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ուսանողների համար։ Միավորելով Հայաստանի առաջատար կրթական կառույցների բազմամյա փորձը՝ այն ձգտում է նոր սերնդին տալ կրթություն, որով նրանք կարող են հաղթահարել մեր ժամանակների բարդ մարտահրավերները:
Դաշինքի գործունեությունը ուղղված է կրթական քաղաքականության կատարելագործմանը՝ հիմնվելով գիտահետազոտական արդյունքների վրա, խթանելով և բարձրացնելով հասարակության իրազեկվածությունը Հայաստանի կրթական համակարգի հիմնական մարտահրավերների վերաբերյալ։ ՀԲԸՄ hայկական վիրտուալ համալսարանը, լինելով դաշինքի անդամ, նպաստում է այս նպատակների իրականացմանը՝ ապահովելով նորարար ու մրցունակ միջավայր հայկական կրթության զարգացման համար։
ՀԲԸՄ hայկական վիրտուալ համալսարանը անդամակցում է «Արհեստական բանականության կիրառումը ուսման մեջ» աշխատանքային խմբին, որ համակարգում է «405 կրթական դաշինքը»։ Խումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ մշակում է ռազմավարություններ և ծրագրեր՝ ապահովելով արհեստական բանականության արդյունավետ ինտեգրումը կրթական համակարգում։
«405 կրթական դաշինքը» հիմնադրվել է «Այբ» կրթական հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA), Հայ կրթական հիմնարկության (AEF), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ՀԲԸՄ Հայաստանի համատեղ ջանքերով։ Դաշինքը պաշտոնապես մեկնարկել է 2025 թվականի մարտին՝ որպես հայկական կրթական միջավայրում համագործակցության նոր մոդելի սկիզբ։
Ծանոթանալ ծրագրերին