login
Հոդվածներ
ՀՎՀ-ն և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի Մարի Մանուկյան վարժարանը տոնում են իրենց համագործակցության 6-ամյակը 06/20/2016
ՀՎՀ-ի հիմնադրումից գրեթե մեկ տարի անց` 2010 թվականի հուլիսին, Բուենոս Այրեսի մասնաճյուղի ՀԲԸՄ Մարի Մանուկյան վարժարանը հետաքրքրություն ցուցաբերեց ՀՎՀ-ի յուրօրինակ կրթական ծրագրի նկատմամբ։ Որոշ ժամանակ անց դպրոցը ընդունեց ՀՎՀ-ի հայոց լեզվի ուսումնական ծրագիրը։ Այդ ժամանակից ի վեր ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագիրը վարժարանի ուսումնական ծրագրի անբաժանելի մասն է կազմում։ Առաջին երկու դասարաններում սովորում էին 29 աշակերտ: Ներկայումս ծրագիրը բավական ընդլայնվել է` յուրաքանչյուր ուսումնական տարում ընդգրկելով շուրջ 120 աշակերտի։ Այս ջերմ համագործակցության սկիզբը դրել է նախկին տնօրեն Ռոզիտա Յուսեֆյանը։ Հետագայում այս բարի ավանդույթները շարունակեցին նաև ներկայիս տնօրեն Լիլիան Կրապրիդյանը, ինչպես նաև ուսուցիչներ Ելենա Աշճյանը, Էլիզաբեթ Կապադայանը, Ալիսա խաչատրյանը, Մարիամ Սուքիասյանը, Գլադիս Մարգարյանը, Դիան Տեր Կարապետյանը և Լիանա Ատիկյանը։ Երկարաժամկետ համագործակցության հիմքում ընկած է ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սովորելու հայոց լեզուն ՀՎՀ ժամանակակից ծրագրերի միջոցով` միաժամանակ լսարանում ունենալով ուսուցիչ, որն առաջնորդում է աշակերտներին ուսումնառության ողջ ընթացքում։ ՀԲԸՄ Մարի Մանուկյան վարժարանի աշակերտ Նիկոլ Տեզկան ասում է. «ՀՎՀ-ն լավագույն միջոցն է ներկայիս սերնդի համար, քանի որ այն միահյուսում է ուսուցումը և նորագույն տեխնոլոգիաները»։ Ծրագիրը աշակերտներին օգնում է նաև մոտ լինել իրենց հայրենիքին։ Վարժարանի մեկ այլ աշակերտ Դելֆինա Կարուկն ասում է. «Այս ձևով սովորելը շատ հետաքրքիր է, քանի որ կապված ես լինում Հայաստանին»։ Ինչպես միշտ, հիբրիդ ծրագիրը չի սահմանափակվում միայն առցանց դասընթացներով, այն մշտապես հարստացվում է հասարակական-մշակութային միջոցառումներով։ Վերջին վեց տարիների ընթացքում ՀՎՀ առցանց ուսուցիչները բազմաթիվ հանդիպումներ են կազակերպել ՀԲԸՄ Մարի Մանուկյան վարժարանի համար։ Աշակերտները հնարավորություն են ունեցել Երևանում վիրտուալ շրջայց կատարելու, այցելելու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն և Կասկադ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ինչպես նաև ծանոթանալու ազգային ծեսերին և տոներին, որոնք այժմ նշվում են Հայաստանում: Աշակերտները հնարավորություն են ունեցել նաև շփվելու աշխարհասփյուռ հայկական դպրոցների աշակերտների հետ ոչ ֆորմալ, առցանց հանդիպումների միջոցով։ Դասընթացների, հասարակական-մշակութային միջոցառումների և այլ դպրոցների հետ հանդիպումների շնորհիվ աշակերտները Հայկական վիրտուալ համալսարանի և հայ մեծ համայնքի մասնիկն են դարձել։