login
Հոդվածներ
ՀՎՀ-ի կրթական օնլայն ծրագիրը ներկայացվեց հայազգի ուսուցիչներին 07/10/2017

Հայկական վիրտուալ համալսարանն ակտիվորեն շարունակում է իր օնլայն կրթության հնարավորությունները և դասընթացները ներկայացնել աշխարհասփյուռ հայ համայնքների կրթական բնագավառի ներկայացուցիչներին: 2017 թվականի հուլիսին համալսարանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված ամենամյա «Սփյուռք» ամառային դպրոցին: Ամառային դպրոցի նպատակն է՝ նպաստել սփյուռքի համայնքներում հայկական ինքնության պահպանմանը և ամրապնդմանը:

2017 թվականի հուլիսի 3-ին ՀՎՀ-ն իր գործունեությունը ներկայացրեց ամառային դպրոցի մասնակիցներին Երևանի պետական համալսարանի շենքում տեղի ունեցած էքսպոյի ընթացքում: Այնուհետև ՀՎՀ-ի ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը և հիբրիդ կրթության ծրագրի պատասխանատու Արփինե Թավաքալյանը հանդիպում ունեցան տարբեր երկրներից ժամանած շուրջ 60 հայոց լեզվի ուսուցիչների և կրթական ոլորտի աշխատակիցների խմբի հետ:

Դոկտոր Խալափյանը խոսեց ՀՎՀ-ի առաքելության և օնլայն կրթության առավելությունների մասին: Նա, շեշտը դնելով դասարանում տեխնոլոգիաների կիրառման վրա, նշեց, որ այս կերպ ուսուցիչների և աշակերտների դերերը փոխվում են, ի հայտ են գալիս կրթական նոր ձևեր, արդիականանում են դասավանդման մեթոդները: Վերջում մանրամասն ներկայացվեց ՀՎՀ-ի նորարարական հիբրիդ կրթության ծրագիրը, ինչը կարելի է ներառել հայկական դպրոցների ուսումնական ծրագրերում՝ որպես դասավանդման մեթոդների բարելավման արդյունավետ միջոց:

ՀՎՀ-ի ծրագրերը հետաքրքրեցին մասնակիցներից շատերին: Նրանք ցանկություն հայտնեցին առավել հանգամանորեն ծանոթանալ համալսարանի գործունեությանը: Որպես արդյունք՝ Մադրիդում գործող «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները միացան ՀՎՀ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին հետագայում հիբրիդ կրթության մեթոդն իրենց դասարաններում կիրառելու նպատակով: