login
Հոդվածներ
ՀՎՀ-ն <<Կանայք ՏՀՏ ոլորտում>> միջազգային միջոցառմանը 04/25/2013
21-րդ դարը կարելի է համարել տեխնոլոգիական դարաշրջան`հաշվի առնելով այն փաստը, որ մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտներում գերիշխում են համակարգչային և բարձր տեխնոլոգիաները: Միևնույն ժամանակ դժվար է պատկերացնել, որ աշխարհում զանգվածային համակարգչայնացման սկիզբը դրվել է դեռևս մեր դարաշրջանից մոտավորապես 200 տարի առաջ Բայրոնի դստեր` մաթեմատիկոս Ադա Լովելասի կողմից: Այս տարի ՏՀՏ ոլորտի կանանց և աղջիկների միջազգային օրը նշվել է ապրիլի 25-ին, որի նպատակն էր շատ աղջիկների և կանանց ներգրավել ՏՏ ոլորտ` ավելի մեծ հնարավորություն տալով Ադայի հետնորդներին կայանալ և խոստումնալից ապագա ունենալ այս բնագավառում: <<Կանայք ՏՀՏ ոլորտում>> միջազգային միջոցառումը նախաձեռնված էր <<Կանայք և ՏՏ հասարակությունը>> հասարակական կազմակերպության կողմից, որի հիմնադիրն է Նարինե Աբազյանը: <<Հայաստանում ՏՏ զարգացող ոլորտը կարող է փայլուն կարիերա խոստանալ շատ հայ երիտասարդ կանանց>>: Սա էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցած կոնֆերանսի կոչը և առաքելությունը: Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ) ներկայացված էր որպես հաջողակ և բացառապես նոր տեխնոլոգիաների վրա հիմնված կազմակերպություն: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հաջողության հասած գործունյա կանայք իրենց անցած ուղին ներկայացրեցին 18 դպրոցներից և այլ ուսումնական հաստատություններից միջոցառմանը ներկա գտնվող 200 երիտասարդ աղջիկների: Իրենց բացման խոսքով հանդես եկան ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Մ. Բողոսյանը և փոխնախագահը, Հայաստանում USAID ներկայացուցչության ղեկավար Քարեն Հիլիարդը և այլոք: ՀՎՀ վարչական տնօրեն Աննա Ենգիբարյանը ներկայացրեց այն հաջողությունները, որոնց հասել է ՀՎՀ-ն իր գործունեության ընթացքում` ՏՀՏ ոլորտի զարգացումներին զուգահեռ, ինչպես նաև այս ոլորտում ունեցած իր անձնական ձեռքբերումները: <<Մեր համալսարանի դռները միշտ բաց են>>,- ասաց նա` մատնանշելով օնլայն կրթության առավելությունները և հասանելիությունը միշտ և ամենուր: -<<Եթե չլինեին այս ոլորտի արագ զարգացումները, մենք չէինք ունենա նման առաջադիմական ծրագիր, ինչպիսին ՀՎՀ-ն է>>: Աննա Ենգիբարյանը հավելեց նաև, որ ՀՎՀ-ն, ռազմավարապես կայուն մնալու համար, հետևում է ՏՀՏ ոլորտում ժամանակակից միտումներին` ջանալով ապահովել ընկերությունը որակյալ ՏՏ մասնագետներով: <<Չնայած այն փաստին, որ ՏՀՏ ոլորտը արագընթաց տեմպերով առաջ է շարժվում, կանանց հետաքրքրությունը այս ոլորտում նվազում է>>,- ասաց նա: Նա քաջալերեց երիտասարդ կանանց և աղջիկներին իրենց մասնագիտության ընտրության հարցում լինել ավելի ակտիվ ու շրջահայաց և ներկայացրեց իր անձնական փորձը. <<Կրթություն ստանալով կիրառական մաթեմատիկայի ոլորտում` սկզբում հիասթափվեցի` տեսնելով համակարգիչների սև և անխոս էկրանները, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը, ՀԱՀ-ի աշխատանքային միջավայրն ու ՏԻՏ դասընթացները հետագայում փայլուն կարիերայի հնարավորություններ ստեղծեցին ինձ համար>>: Աննա Ենգիբարյանն ավարտեց իր ելույթը աշխատանքային խմբերում կանանց և տղամարդկանց հավասար տեղաբաշխման վերաբերյալ իր դիտարկումով. << Որպես կանոն, նման աշխատանքային խմբերն ավելի ստեղծագործ, արդյունավետ և մոտիվացված են: Ուստի, սիրելի՛ կանայք, բաց մի թողեք ՏՀՏ ոլորտում թափուր աշխատատեղեր զբաղեցնելու հնարավորությունը: Այս ոլորտը կանանց առկայության կարիք ունի>>, - եզրափակեց նա: Հայկական Վիրտուալ Համալսարանի եզակի նորարարական մոտեցումը ներկաների հետաքրքրությունը և ուշադրությունը սևեռեց համալսարանի առաքելության և նոր տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեության վրա: Համաժողովի ավարտին միջոցառման կազմակերպիչն առանձնացրեց ոլորտի երեք հաջողակ կանանց` Մարի Լու-Փափազյան, Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն, Աննա Ենգիբարյան, ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարան, և Եվա Հյուսյան, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան: ՏՀՏ ոլորտում ՀՎՀ-ի գործունեությունը նկարագրող տեսանյութը դիտելու համար սեղմեք հետևյալ հղումը.http://www.youtube.com/watch?v=GtZFLJyu2yI ՀՎՀ-ի` երկրորդ տեղը զբաղեցնելու վերաբերյալ տեսանյութը դիտելու համար սեղմեք հետևյալ հղումը. http://www.armnewstv.am/hy4/1366896286