login
Հայացք ներսից
Ինչպե՞ս է հայերեն սովորելը ազդել ֆրանսիացի բժշկի անձնական և մասնագիտական կյանքի վրա 02/24/2024

Թիֆեն Բուասոն ֆրանսիացի բժիշկ է,  ով 2017-ին շատ քիչ գիտեր Հայաստանի մասին, իսկ այժմ՝ 7տարի անց՝ ՀԲԸՄ ՀՎՀ մի քանի դասընթաց անցնելուց հետո, նա խոսում և հասկանում է հայերեն և նույնիսկ մեկ անգամ եղել է երկրում։

 

Նրա պատմությունը՝ կապվածՀայաստանի հետ, սկսվեց այն ժամանակ, երբ նա Ֆրանսիայում հանդիպեց մի հայի, ում օգնությամբ սկսեց ծանոթանալ Հայաստանին և հայկական մշակույթին։ Նա առաջին անգամ իր հայ ամուսնու հետ Հայաստան է եկել 2020 թվականի փետրվարին՝ հանդիպելու նրա ընտանիքի հետ։ Նրանք հիմնականում շփվում էին ռուսերեն, որից հետո Թիֆենը որոշում է սովորել ամուսնու մայրենի լեզուն, որպեսզի կարողանա ընտանիքի հետ նաև հայերեն խոսել։

«Փորձեցի ինքնուրույն սովորել, ինչպես ռուսերենը։ Բայց զգացի, որ ինձ անհրաժեշտ է լուրջ ծրագիր, որը կօգնի սովորել և բարելավել իմ հայերենը։ Չնայած ընտանիքիս և ընկերներիս հետ կարող էի հայերեն պարապել, այնուամենայնիվ ինձ ամուր հիմք էր պետք ավելի վարժ խոսելու համար։ Ահա թե ինչպես ես գտա ՀՎՀ ծրագիրը՝ փնտրելով համացանցում»,-վերհիշում է նա։

Թեև Թիֆենն արդեն գիտեր այբուբենը և մի փոքր խոսում էր, նա որոշեց մասնակցել ՀՎՀ սկսնակների մակարդակի դասընթացին`իր գիտելիքները ամրապնդելու համար:

 

«Դա լավ ընտրություն էր, քանի որ ես շատ նոր բաներ սովորեցի այս մակարդակում,-ասում է Թիֆենը։- Դասընթացները շատ լավ մշակված են՝ կիրառելով թե՛ տեսողական, թե՛ ձայնային մեթոդներ և նպաստելով առաջադիմությանը։ Մենք ունենք բացառիկ հնարավորություն՝ սովորել հետաքրքիր և զվարճալի դասերի  օգնությամբ»:


Նրան անմիջապես դուր եկավ ՀԲԸՄ ՀՎՀ–ում սեփական տեմպերով սովորելու հնարավորությունը: «Ի վերջո, դասընթացը գերազանցեց իմ սպասելիքները և իրականացրեց իմ նպատակները»:

 

«Ինձ համար նաև շատ կարևոր է հայ ուսուցչի հետ առերես հանդիպելու հնարավորությունը: Երբ առաջին անգամ խոսեցի ուսուցչուհուս հետ, նա ինձ ասաց, որ հայերեն լավ առոգանություն ունեմ։ Սա ՀՎՀ-ի հետ կապված իմ լավագույն հիշողությունն է: Ինձ համար սա անսպասելի էր, և հուսադրող էր լսել մասնագետի կարծիքն իմ լեզվական հմտությունների մասին»:

 

ՀԲԸՄ ՀՎՀ առցանց ուսուցիչ Օվսաննա Ճորոխյանը Թիֆենին բնութագրում է որպես աշխատասեր ուսանողի․ «Նա բարեսիրտ է, անսահման նվիրված և հոգատար»:

 

Արևելահայերենի դասընթացի տարրական մակարդակն ավարտելուց հետո Թիֆենն այժմ մտադիր է ուսումը շարունակել ՀԲԸՄ ՀՎՀ-ում, որպեսզի կարողանա վարժ խոսել հայերեն: «Որպես «Santé Arménie» ՀԿ-ի բժիշկ՝ ինձ հատկապես հետաքրքրում է բժշկական բառապաշարը, որպեսզի կարողանամ խոսել հայ բուժառուների և գործընկերների հետ, երբ գնամ Հայաստան՝ իմ օգնությունը ցույց տալու համար առողջապահական ոլորտում»:

 

«Կարող եմ ասել, որ ՀՎՀ-ում սովորելը մեծ ազդեցություն է ունեցել իմ անձնական և սոցիալական կյանքի վրա: Ընտանիքս և ընկերներս ինձ հաճախ ասում են, որ ես առաջադիմել եմ:Դա նաև ազդեցություն ունի իմ մասնագիտական կյանքի վրա Ֆրանսիայում կամ Հայաստանում հայ բուժառուների հետ աշխատելիս»:

 

Այնուհետև Թիֆենը եզրակացնում է. «Հաշվի առնելով այս ամենը՝ ես խորհուրդ եմ տալիս ՀՎՀ դասընթացները բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել կամ կատարելագործել հայերենը»: