login
Հայացք ներսից
Վերադարձ արմատներին հայերենի միջոցով 05/04/2023

Արգենտինայում բնակվող Լաուրա Բլանկոն մեծ խանդավառությամբ է սովորում ՀՎՀ-ում։ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքը փախել է Լատինական Ամերիկա` փնտրելու նոր կյանք և նոր հնարավորություններ։


Լաուրայի տատիկը երեք դուստր ունի։ Թեև նա մեծացել էր հայերեն խոսող ընտանիքում, իր դուստրերից միայն մեկն էր հնարավորություն ունեցել հաճախել հայկական դպրոց, սովորել գրագետ գրել ու կարդալ հայերեն։ Մյուս երկուսը, այդ թվում` Լաուրայի մայրը, խոսում էին միայն խոսակցական հայերենով։

 
Երբ Լաուրայի մայրը ամուսնացավ արգենտինացու հետ, հայերենն էլ ավելի քիչ գործածվեց նրանց ընտանիքում։ 

 
Այդ իսկ պատճառով Լաուրան չէր խոսում հայերեն, բացառությամբ այն դեպքերի, երբ տատիկը խնամում էր նրան և խոսում նրա հետ հայերեն։ «Մանուկ հասակում իմ ականջը սովոր էր լսել հայերեն, բայց երբեք չէի կարողանում խոսել»։

 
Տարիներ անց Լաուրայի տատիկի մոտ Ալցհեյմերի հիվանդություն ախտորոշվեց, և նա կամաց-կամաց դադարեց խոսել իսպաներեն։
«Վերջերս նկատեցի, որ չեմ կարողանում զրուցել նրա հետ, քանի որ նա միշտ հայերեն էր խոսում։ Ես պետք է անընդհատ թարգմանեի իր ասածները և հակառակը։ Ես շատ հուսալքված էի»։

 
Հենց այդ ժամանակ Լաուրան որոշեց սովորել հայերեն և շուտով իմացավ , որ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հիբրիդ ծրագրի շրջանակներում հայոց լեզվի դասընթաց է սկսել Ռոսարիոյի ազգային համալսարանում։
«Ես չվարանեցի։ Կապ հաստատեցի համալսարանի հետ ու սկսեցի սովորել»,- հիշում է Լաուրան։

 
«Ուսումնառությունից 7 ամիս անց` անցած շաբաթավերջին, գնացի տատիկիս մոտ և երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարողացա հայերեն մի քանի արտահայտություն ասել։ Ես կարողացա ավելի շատ հասկանալ, թե ինչ էր նա ասում, առանց մայրիկիս օգնության, քանի որ մայրս անընդհատ թարգմանում էր ինձ համար։


Հուզիչ էր ոչ միայն ինձ, այլ նաև մայրիկիս համար։ Մայրս հիացմունքով լսում էր, թե ես ինչպես եմ հայերեն խոսում, կարողանում առանց իր միջամտության շփվել տատիկիս հետ»։

 
Մեկ սերունդ անց Լաուրան կարողացավ վերամիավորվել իր հայկական արմատների հետ` սովորելով լեզուն։

 
«Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ այդ հարցում, սկսած  այն մարդուց, ով ստացավ ու պատասխանեց իմ առաջին նամակին,  մինչև տնօրեն։ Հատուկ շնորհակալություն Ելենա Աչջյանին (Ռոսարիոյի համալսարանի դասախոս, ՀՎՀ հիբրիդ ուսուցիչ) և դոկտոր Երվանդ Զորյանին (ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ) այս հնարավորության համար։ Շնորհակալ եմ, որ ինձ ընտանիքիս հետ կապվելու և իմ արմատները վերագտնելու հնարավորություն տվեցիք»։

 
Արգենտինայի Ռոսարիոյի ազգային համալսարանը առաջին համալսարանն է Լատինական Ամերիկայում, որ ներառեց ՀՎՀ-ի դասընթացներն իր ուսումնական ծրագրում 2021 թվականին։ Լեզվի դասերից բացի, ուսանողները բացահայտում են Հայաստանի պատմությունն ու մշակույթը ՀՎՀ-ի էլեկտրոնային գրքերի, սոցիալ-մշակութային միջոցառումների և հիբրիդ ծրագրի կողմից առաջարկվող այլ կրթական հնարավորությունների միջոցով։