login
Հայացք ներսից
«Ես կոչ եմ անում բոլորին սովորել հայերեն, որպեսզի այն հավերժ ապրի» 08/10/2022

Ծնվելով Կոստանդնուպոլսի (ներկայիս՝ Ստամբուլ) հայկական ընտանիքում, սակայն զրկված լինելով հայոց լեզվով հաճախակի խոսելու հնարավորությունից՝ Մարիցա Կարագյոզյանը հայկական նախակրթարանն ավարտելուց անմիջապես հետո, մեկուսացավ իր նախնիների լեզվից: Այնուհետև շարունակեց ուսումը թուրքերենով, և տարիներ անց նորից բացահայտեց հայերենի իր հմտությունները բարելավելու կիրքը:

«Իմ արմատները գնում են դեպի Կեսարիա (Կայսերի): Մայրս էլ, հայրս էլ հայերեն գիտեին։ Սակայն, տանն այն երբեք շատ չի գործածվել»,- հիշում է Մարիցան:


Թեև նա այնքան էլ լավ չէր տիրապետում լեզվին, նա երբեք չկորցրեց հետաքրքրությունը իր հայկական արմատները բացահայտելու, հայի հազարամյա ավանդույթներին կապվելու հարցում: 2015 թվականին Մարիցան որոշեց այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայ Առաքելական եկեղեցու ամենահայտնի տոներից մեկին՝ Սուրբ Մյուռոնի օրհնությանը:


«Այցելել եմ բազմաթիվ եկեղեցիներ, տեսարժան վայրեր, անգամ հանդիպել ու օրհնվել եմ Գարեգին Բ կաթողիկոսի կողմից, «Հայաստանում անցկացրած ժամանակն անգին էր»,֊ նշում է նա։ Հայրենի երկիրն այցը ոչ միայն հաճելի էր, այլ նաև վճռական։ «Մի օր ընկերուհիս ինձ առաջարկեց միանալ իրեն, երբ նա մասնակցում էր ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի առցանց դասընթացին: Ես շատ գոհ էի դասընթացից, և ցանկացա բարելավել իմ հայերենը»:


Շուտով ՀՎՀ-ն ստացավ Մարիցայի դիմումը՝ թուրքերենով դասավանդվող արևմտահայերենի միջին մակարդակի դասընթացին միանալու համար:


«Ես սկսեցի դասերը։ Իմ հեռավար ուսուցիչն  էր Զեփյուռ Խպլիկյանը: Ես ազատ էի իմ ուսումնական ժամերը ընտրելու հարցում,  շաբաթական հանդիպումներ էի ունենում ուսուցչիս հետ՝ լեզուն իրական ժամանակում ուսանելու համար: Այժմ ես տիկին Զեփյուռին համարում եմ ոչ միայն հիանալի ուսուցիչ, այլ նաև լավ ընկեր, գրեթե իմ քույրը»։


«Մարիցան շատ ուշադիր, ճշտապահ ու աշխատասեր ուսանող է։ Նա մեծ սեր ունի հայոց լեզվի և ընդհանրապես հայկական մշակույթի հանդեպ։ Ուսման ողջ ընթացքում նա միշտ պատրաստ է եղել և մեծ պատրաստակամությամբ մասնակցել է ՀՎՀ-ի կազմակերպած առցանց միջոցառումներին։ Նրա նպատակն էր բարելավել իր հայերենի հմտությունները, սահուն խոսել հայոց  լեզվով և հարստացնել իր գիտելիքները Հայաստանի և նրա մշակույթի մասին»,- հիշում է ՀՎՀ֊ի հեռավար ուսուցիչ Զեփյուռը:


Միջանկյալ մակարդակը հաջողությամբ ավարտելուց հետո Մարիցան շարունակեց ուսումը ՀՎՀ-ում և հայերենի իմացության իր մակարդակը  հասցրեց ամենաբարձրին։


Ի վերջո, Մարիցան կրթության միջոցով իր հայկական ժառանգությանը կապվելու դյուրին միջոց գտավ, ինչի համար նա իր երախտիքն է հայտնում  ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանին` հայ երիտասարդներին սովորելու և իրենց հայերենը կատարելագործելու հնարավորության համար»։


Չնայած երիտասարդ տարիներին հայեցի կրթության հնարավորությունների բացակայությանը, Մարիցան այժմ վարժ խոսում է արևմտահայերեն։ Եզրափակելով իր խոսքը՝ նշում է․ «Ես կոչ եմ անում բոլորին սովորել հայերեն, կատարելագործել իրենց լեզվական հմտությունները, որպեսզի այն հավերժ ապրի»:


Ավելի քան 600 ուսանող Թուրքիայից սովորել և ներկայումս էլ սովորում է ՀՎՀ-ում՝ շնորհիվ իր համաշխարհային ներկայության և հասանելիության: