login
Հոդվածներ
Տեղի ունեցավ Համահայկական 10-րդ կրթական խորհրդաժողովը 09/07/2022

Սույն թվականի օգոստոսի 16-21-ը ՀԲԸՄ ՀՎՀ-ի ներկայացուցիչները մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Աղվերանում (Հայաստան)  կազմակերպված Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովին: Հայաստանի, Արցախի և սփյուռքի մանկավարժները հավաքվել էին քննարկելու հայոց լեզվի և ինքնության պահպանմանն առնչվող հարցերը։ Համաժողովին մասնակցել են 21 երկրների հայկական կազմակերպությունների և կրթական հաստատությունների շուրջ 100 ներկայացուցիչներ:


Ամենօրյա լիագումար նիստերի և խմբային հանդիպումների ընթացքում մասնակիցները ներկայացրեցին կրթության համակարգի արդի մարտահրավերները Հայաստանում, Արցախում և սփյուռքի տարբեր համայնքներում, քննարկեցին համագործակցության ուղիները և նախանշեցին ապագա նպատակներն ու ծրագրերը։ Թեմաներից մի քանիսը վերաբերում էին ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի ուսուցմանը, կրթական հաստատությունների երկկողմ համագործակցությանը, դպրոցականների, ինչպես նաև չափահասների կրթությանը`ընդգրկելով այլ թեմաներ։ 


Թեմատիկ խմբային քննարկումների և աշխատաժողովների ընթացքում ՀՎՀ-ի կրթական թիմի ղեկավար Մարինե Խաչատուրյանը և ՀՎՀ-ի արևմտահայերենի հարցերով պատասխանատու Զեփյուռ Խբլիկյանը խոսեցին ՀՎՀ-ի էլեկտրոնային ուսուցման առանձնահատկությունների և փորձառության մասին` կարևորելով հատկապես սփյուռքի դպրոցներին ընձեռած կրթական հնարավորությունները: ՀՎՀ-ի համագործակցության և գործառնական թիմի ղեկավար Արփինե Թավաքալյանը լիագումար նիստում ներկայացրեց ՀՎՀ-ի ծրագրերը։


Խորհրդաժողովին ներկա ուսուցիչներից  մի քանիսը ներկայացրեցին նաև ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի շրջանակներում համագործակցության իրենց դրական և արդյունավետ փորձը։ Հաստատվեցին նոր կապեր՝ համագործակցության նոր հնարավորություններ:


Ելույթ ունենալով գիտաժողովի փակման արարողությանը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը բարձր գնահատեց սփյուռքում հայ մանկավարժների աշխատանքը՝ ի նպաստ ազգային ինքնության պահպանման: Իր խոսքում նա նշեց.  «Այս խորհրդաժողովը հարթակ է, որը թույլ է տալիս քննարկել սփյուռքում կրթության կազմակերպման և իրականացման հիմնահարցերը և գտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության արդյունավետ ուղիները»։ 


Հավելենք, որ նախորդ Համահայկական կրթական խորհրդաժողովն անցկացվել էր 2020 թվականին, առցանց` ՀԲԸՄ ՀՎՀ-ի հարթակում։ Այս երկու տարվա ընթացքում, ՀՎՀ-ի համահայկական կրթական ֆորումը շարունակել է կազմակերպել հայագիտական և մանկավարժական առցանց վեբինարներ՝ մասնագիտական զարգացման հնարավորություններ ընձեռելով ավելի քան 1500 մասնակիցների ամբողջ աշխարհից: