login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանն անցկացնում է վեբինարներ՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը 11/20/2023

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) նախաձեռնել է վեբինարների շարք՝ նվիրված Արցախի հայկական մշակութային ժառանգությանը:

 

Հոկտեմբերի 28-ին ՀՎՀ-ում տեղի ունեցավ «Արցախի հայկական մշակութային ժառանգությունը. պահպանում և հեռանկարներ» խորագրով առաջին վեբինարը, որի խոսնակն էր մշակութային փորձագետ և միջազգային մշակութային ժառանգության մասնագետ Արմինե Տիգրանյանը:

 

Երկու հազարամյակ շարունակ հայերը, ապրելով Արցախում, ստեղծել են մշակութային կոթողներ, որոնց թիվը հասնում է 4000-ի: Սակայն Արցախի մշակութային ժառանգության պահպանումը զգալի մարտահրավերների է առերեսվում՝ մասնավորապես՝ Ադրբեջանի հետ վերջին հակամարտության հետևանքով։

 

Խոսելով Արցախի ժառանգության պահպանման կարևորության մասին՝ Արմինե Տիգրանյանն ասաց. «Ժառանգությունը ոչ թե անցյալն է, այլ ապագան։ Անցյալի մասին անտեղյակությունը կարող է հանգեցնել ապագայիմ ասին անտեղյակության»։

 

Իր խոսքում Տիգրանյանն առանձնացրեց մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաները, հռչակագրերը և իրավական ակտերը, այդ թվում՝ զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան։ Ինչպես նշված է Հաագայի կոնվենցիայում, «...մշակութային արժեքներին հասցված ցանկացած վնաս, անկախ դրա պատկանելիությունից, վնաս է ամբողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակույթի մեջ»:

 

Չնայած այս փաստաթղթերի վավերացմանն ու հաստատմանը, Ադրբեջանը շարունակաբար խախտում է միջազգային պայմանագրերը։ Պետությունը վարում է Արցախից հայկական մշակույթի բոլոր հետքերը ջնջելու քաղաքականություն պատմական վայրերի ու հուշարձանների ոչնչացման, անվանափոխման, վերափոխման, պատմական իրողությունների խեղաթյուրման միջոցով։

 

Միջազգային իրազեկումն ու քարոզչությունը կարող են վճռորոշ դեր խաղալ Արցախի մշակութային ժառանգության պահպանման գործում: ՀՎՀ վեբինարների շարքն իր արժեքավոր ներդրումն ունի այս կարևոր թեմայի քննարկմանը:
Վեբինարներն անցկացվում են ՀՎՀ կրթահարթակում (ALZ), որն անվճար է, և որտեղ կարող եք գտնել հայկական տարբեր թեմաների շուրջ տեղեկատվական և հետաքրքիր նյութեր, վիրտուալ շրջագայություններ թանգարաններով և այլ պատմական վայրերով, ինչպես  նաև առցանց հանդիպումներ և վեբինարներ հայտնի հյուրերի մասնակցությամբ:

 

Այցելեք ALZ այստեղ՝դիտելու վեբինարները։