ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ծրագրերը ներկայացվեցին Մտքերի հայկական գագաթնաժողովում 
                            06/08/2019
                            
                            
                                Հունիսի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո  Դիլիջանում կայացած «Մտքերի հայկական գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառմանը մասնակցեց նաև Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ): Հայտնի քաղաքագետներ և գործարարներ, ՏՏ կազմակերպությունների ղեկավարներ և անվանի գիտնականներ ամբողջ աշխարհից Հայաստան էին ժամանել ՝ գլոբալ հիմնախնդիրների, գործարարության և ներդրումների շուրջ մտքեր փոխանակելու և քննարկումներ ունենալու: Մասնակիցներից շատերի համար գագաթնաժողովը Հայաստանը բացահայտելու եզակի հնարավորություն տվեց: Նրանց հետաքրքրում էր, թե ինչպես են Հայաստանում համադրվում հնագույն ավանդույթները և 21-րդ դարի նորարարությունը: 
 
ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը վարում էր «Բարձր տեխնոլոգիաները և կառավարումը» թեմատիկ քննարկումը, իսկ ՀՎՀ-ն և ՀԲԸՄ Հայաստանը ներկայացնող հրավիրյալ չորս կազմակերպությունների շարքում էին:  
 
Դոկտ. Զորյանը և ՀՎՀ-ի թիմը նախագահ Արմեն Սարգսյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին ներկայացրեցին համալսարանի գործունեությունը և ծրագրերը: ՀՎՀ-ի տաղավար այցելեցին նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաչե Մանուկյանը: 
Օտարերկրյա հյուրերի ուշադրությունը գրավեց ՀՎՀ-ի Հայաստանին նվիրված մուլտիմեդիա էլ. գրքերի շարքը, իսկ սփյուռքի մասնակիցները ծանոթացան համալսարանի ընձեռած կրթական հնարավորություններին: