login
Հոդվածներ
ՀԲԸՄ ՀՎՀ-ի հայոց լեզվի դասընթաց․ այժմ հավելվածում 09/20/2022

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հայոց լեզվի դասընթացն այժմ հասանելի է որպես հավելված՝ և՛ IOS, և՛ Android համակարգերի համար: Լեզվի իմացության հինգ մակարդակների (A1, A2, B1, B2 և C1) դասերն արդեն հասանելի են էլ․ սովորողների համար, իսկ ՀՎՀ-ի թիմն այժմ աշխատում է C2 առաջադեմ մակարդակի ներդրման վրա՝ համակարգչային և մոբայլ ձևաչափերով:


Ինչպես դասընթացի համակարգչային տարբերակը, այնպես էլ «Learn Armenian with AVC» հավելվածը ներառում են և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն դասեր՝ ուսուցման յոթ լեզուներով: Էլ․ սովորողները պետք է գրանցվեն avc-agbu.org կայքում կամ մուտք գործեն իրենց անձնական ՀՎՀ-ի հարթակ, որպեսզի կարողանան օգտագործել հավելվածն իրենց սմարթֆոնի կամ պլանշետի վրա:


2009 թվականին ՀՎՀ-ն սկսել է հայերենի իր առաջին դասընթացը՝ որպես լեզվի ավանդական ուսուցման նորարարարական մոտեցում: 2020 թվականին ՀՎՀ-ն ներկայացրեց դասընթացի նոր, լիովին վերամշակված և արդիականացված տարբերակը, որը հիմնված է կրթական նորագույն տեխնոլոգիաների և ՀՎՀ-ի էլեկտրոնային ուսուցման տասնամյա փորձի վրա:


Դասընթացը ներառում է մի շարք մուլտիմեդիա լուծումներ, որոնք մատուցում են հանրամատչելի և գրագետ բովանդակություն՝ մշակված ՀՎՀ-ի հեռավար դասախոսների, հետազոտողների և կրթական փորձագետների արհեստավարժ թիմի կողմից:
«Ուսումնական ծրագիրը մանրակրկիտ մտածված է և ամուր հիմնված քերականության, բառապաշարի, խոսակցական արտահայտությունների և հայ գրականության վրա», - Արա Իշանյան, ԱՄՆ։


Անցած երկու տարիների ընթացքում ավելի քան 1000 անհատ ուսանողներ և 20 հիբրիդ դպրոցներ օգտվել են հայոց լեզվի նոր դասընթացից։
«ՀՎՀ-ի նոր դասընթացները հրաշալի են, նյութերը`շատ գրավիչ։ Ինձ դուր է գալիս, որ յուրաքանչյուր մակարդակ ներառում է բազմաթիվ իրավիճակային երկխոսություններ և անիմացիաներ, որոնք մատուցում են լեզվակիրները», - Քիմբերլի Մաքֆարլեյն, Ավստրալիա։


Հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Հայկական կրթություն՝ ցանկացած պահի և ցանկացած վայրում», ՀՎՀ-ի թիմն աշխատում է տրամադրել առավելագույն ճկունություն և ինքնուսուցման հնարավորություն՝ միաժամանակ պահպանելով դասընթացների ակադեմիական որակը և բովանդակությունը։ Մինչ ինտերակտիվ դասերը` ուսանողներին հնարավորություն է տրվում սովորել ինքնուրույն՝ համապատասխանեցնելով ուսումն իրենց զբաղվածության հետ։ ՀՎՀ-ի հեռավար դասախոսներն ուղղորդում են նրանց, օգնում իրենց խորհուրդներով և անցկացնում առցանց խմբային միջոցառումներ՝ ավելի արդյունավետ դարձնելով ուսուցման գործընթացը։


«Ամենայն պատասխանատվությամբ հորդորում եմ բոլորին, ովքեր ցանկանում են սովորել կամ կատարելագործել իրենց հայերենը, մասնակցել ՀՎՀ-ի դասընթացներին: Կարծում եմ, որ այս ծրագիրը հատկապես օգտակար է զբաղված մարդկանց համար, ովքեր աշխատում են խիտ գրաֆիկով և ապրում են ավանդական կրթական կենտրոններից, դպրոցներից և համալսարաններից հեռու», - Ժուլիեն Լեկուտյուրիե, Ֆրանսիա: