login
Հոդվածներ
Տեղի ունեցավ «Հայկական վիրտուալ կամուրջ» աքսելերացիոն ծրագրի ամփոփիչ միջացոռումը 11/26/2021

«Հայկական վիրտուալ կամուրջ» աքսելերացիոն ծրագրի առաջին փուլի ամփոփումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի շենքում 2021 թվականի նոյեմբերի 22-ին: Ծրագիրը մեկնարկել էր անցյալ տարվա աշնանը՝ համագործակցությամբ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, աջակցությամբ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ)։


Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի ատենապետ և ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ստարտափների հիմնադիրներ և գործադիր տնօրեններ, մենթորներ և մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Անցյալ աշնանը Հայաստանի 105 հայտատուներից 15 ստարտափ ընկերություններ ընտրվել էին «Հայակական վիրտուալ կամուրջ» աքսելերացիոն ծրագրին մասնակցելու համար։ Ի լրումն ութշաբաթյա դասընթացների և առցանց հանդիպումների, որոնք վարում էին մարքեթինգի, վաճառքի, իրավաբանական և ֆինանսների ոլորտների առաջատար փորձագետները՝ ստարտափների գործադիր տնօրեններն ու հիմնադիրները սերտորեն համագործակցում էին նաև մի խումբ արհեստավարժ մենթորների հետ: Հունվարի 28-ին տեղի ունեցավ ծանոթացման հանդիպումը, որի ընթացքում  ստարտափները Սիլիկոնյան հովտի մի խումբ միջազգային ներդրողներին ներկայացրեցին իրենց բիզնես նախագծերը:


Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը մասնակից ստարտափ ընկերությունների հիմնադիրներն ու գործադիր տնօրենները խոսեցին իրենց փորձառության մասին,  կարծիքներ փոխանակեցին ծրագրի հետագա ընթացքի մասին: Սիլիկոնյան հովտից մենթորները և ոլորտի առաջատար փորձագետները վիրտուալ կերպով ներկա էին և արտահայտեցին իրենց տեսակետները:


«Վերջին տարում մեր եկամուտներն աճել են մոտ ութ անգամ, և, իհարկե, դա հնարավոր չէր լինի առանց համաշխարհային հայ համայնքի և հատկապես առանց այս ծրագրի», - ասաց ստարտափ ընկերության գործադիր տնօրեն և ծրագրի մասնակից Գերասիմ Հովհաննիսյանը։

 
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է կապել Հայաստանի նորարար և գիտական տաղանդներին աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնի՝ Սիլիկոնյան հովտի հետ։ Համաշխարհային համավարակի պատճառով այս անգամ այն ամբողջովին առցանց  անցկացվեց ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կրթական հարթակում։ Վերջինս տրամադրեց  փորձագիտական և տեխնիկական աջակցություն՝ նպաստելով ծրագրի հաջող իրականացմանը։