login
Հոդվածներ
Թումանյանն իմ աչքերով 09/05/2014
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիբրիդ ծրագիրը շարունակում է իր հաջող ընթացքը հայկական տարբեր համայնքներում և կրթական կենտրոններում ՀՎՀ գործունեությունը տարածելու գործում: ՀՎՀ օնլայն ուսուցիչների կողմից վերջերս կազմակերպված վիրտուալ այցելությունը դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան ուսանողներին հնարավորություն տվեց ներգրավվել ՀՎՀ համայնքում և հայկական ինքնությունը զգալ մշակութային միջոցառումների միջոցով: Թումանյանի թանգարան կատարած այցելությունը վերածվեց մի հիանալի մշակութային վիրտուալ միջոցառման, որը կրում էր «Թումանյանն իմ աչքերով» խորագիրը և նվիրված էր հայոց մեծ բանաստեղծի 145 ամյակին: Միջոցառումը հետաքրքրեց շատերին և հաջողությամբ իրականացվեց Ռոստովի, Թբիլիսիի և Բուենոս Այրեսի հայկական համայնքներում: Այս անգամ ուսանողները զուտ վիրտուալ ներկաներ չէին, այլ օնլայն միջոցառման ակտիվ մասնակիցներ էին, ովքեր փոխանցեցին իրենց համայնքների սոցիալ-մշակութային ոգին: Ռոստովի, Թբիլիսիի և Բուենոս Այրեսի ուսանողներին առաջարկվել էր թատերականացնել հայ մեծ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները: Արդյունքները հաճելիորեն զարմացրեցին. Ռոստովի ուսանողները հիբրիդ ծրագրի իրենց ուսուցչուհի Արմինե Վարդանյանի գլխավորությամբ փոքրիկ ներկայացում էին պատրաստել Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի հիման վրա: Թբիլիսիի ուսանողները ասմունքեցին գեղեցիկ հատվածներ Թումանյանի պոեմներից: Պետք է նշել, որ վերջիններիս մասնակցությունը կազմակերպել էր Անժելա Սարոյանը՝ ՀՎՀ-ի նվիրյալ ուսանող Թբիլիսիից: Բուենոս Այրեսի ՀԲԸՄ Մարի Մանուկյան հիբրիդ դպրոցի ուսուցչուհիներ Էլենա Աշճյանի և Ալիսա Խաչատրյանի և հիբրիդ ուսանողների ստեղծագործական ջանքերի արդյունքում ստեղծվեցին «Կիկոսի մահը» և «Արկած գրադարանում» ներկայացումները: Այս վիրտուալ այցելությունը համագործակցության հիմքեր ստեղծեց Թբիլիսիի, Ռոստովի ՀՎՀ լաբորատորիաների և Բուենոս Այրեսի ՀԲԸՄ Մարի Մանուկյան դպրոցի միջև: Միջոցառումը հիանալի առիթ էր նաև մեկ մշակութային տանիքի տակ համախմբել հայկական տարբեր համայնքներում ապրող երիտասարդներին` հավատարիմ մնալով ՀՎՀ-ի առաքելությանը. ստեղծել վիրտուալ համայնք աշխարհի ողջ հայերի համար: