login
Հոդվածներ
Աբու Դաբիի հայկական դեսպանատունը հյուրընկալում է ՀՎՀ-ի նախագահին 12/16/2010
2010 թվականի դեկտեմբերի 16-ին Աբու Դաբիի հայ համայնքի խորհրդի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանատունը հյուրընկալեց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ դոկտոր Երվանդ Զորյանին: Միջոցառումը աշխարհասփյուռ հայ համայնքներում իրականացվող ճանաչողական այցելությունների շարքին էր պատկանում և նպատակ ուներ ներկայացնել ՀԲԸՄ նորագույն կրթական ծրագրի` Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) բացառիկ առաքելությունը: Միջոցառումը նախաձեռնվել էր Շարժայի Օհանեսյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի ղեկավար պարոն Նշան Բասմաջյանի և նույն խորհրդի նախագահ պարոն Հրաչ Բռունսուզյանը: Նախապես տրված հայտարարությամբ կազմակերպիչ խորհուրդը կոչ էր արել ծնողներին, ուսուցիչներին, ուսանողներին, երիտասարդներին և բոլոր հետաքրքրված անհատներին ներկա գտնվել միջոցառմանը: Հայտարարությունում մասնավորապես նշվել էր. «Սա մի մեծ նախաձեռնություն է, որը հեղափոխական կլինի մեր կրթական համակարգի համար: Այս ծրագիրը մեզ հնարավորություն կտա սովորել հայերեն ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների օգնությամբ»: Միջոցառումը, որը տեղի էր ունենում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատանը, սկսվեց Աբու Դաբիի հայ համայնքի խորհրդի նախագահ պարոն Սուրեն Կոջակյանի ողջույնի խոսքով: Նա հակիրճ ներկայացրեց հյուրի կենսագրությունը, որից հետո դոկտոր Զորյանը մոտեցավ ամբիոնին և ողջունեց ներկաներին: «ՀՎՀ –ն մեծ խթան հանդիսացավ հայոց լեզվի, պատմության և մշակույթի պահպանման ազգային պայքարի համար»,- ասաց Զորյանը: «Ես կցանականայի Ձեզանից յուրաքանչյուրին անհատապես հրավիրել դառնալ ՀՎՀ-ի դեսպանը` տարածելով այս տեղեկությունը Ձեր համայնքում և ընդհանրապես ամբողջ աշխարհում: ՀՎՀ – ն ցանկանում է հասնել յուրաքանչյուր շահագրգիռ անհատի և խմբերի, ովքեր փնտրում են հայկական կրթություն որտեղ էլ, որ լինեն: Ես հուսով եմ, որ դուք, Ձեր ընտանիքը և ընկերները մոտակա ապագայում կանդամագրվեն մեր ծրագրին որպես մասնակից ուսանող կամ ունկնդիր`հայ ժողովրդի եզակի ինքնությունը և հարուստ ժառանգությունը ավելի լավ հասկանալու, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց դասընկերների հետ շփվելու և հաղորդակցվելու համար»,-ավելացրեց նա: Դոկտոր Զորյանը պատասխանեց նաև մի շարք հարցերի: Իսկ վերջում, համայնքի մի քանի ակտիվիստներ, այդ թվում պարոն Գրիգոր Մահսերեջյանը, տիկին Անտուանետ Յերեցյանը, իրենց գնահատանքն արտահայտեցին և աջակցությունն առաջարկեցին ՀՎՀ-ին: Ավելի ուշ, պարոն Ջոն Տուտիկյանը հաստատեց. «Մենք իսկապես տպավորված ենք և ուրախ, որ ստեղծվել է նման կենսական մեծ նշանակություն ունեցող կրթական հաստատություն, որ կարող է բավարարել հայերի կարիքները»: Միջոցառման ավարտին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան պարոն Վահագն Մելիքյանը հավաստեց. «Ես միշտ պատրաստակամ կլինեմ համագործակցել Ձեզ հետ այս հիանալի գաղափարները կյանքի կոչելու համար»: Մասնակիցներից շատերը` միջոցառմամբ ոգևորված, նշեցին, որ հնարավորինս կաջակցեն ՀՎՀ-ին հայկական կրթության սահմանները մեծացնելու և աշխարհով մեկ տարածելու գործին: «Մենք կխոսենք Ձեր հաստատության մասին և կխրախուսենք օգտվել այս հնարավորությունից»,- ասաց համայնքի մի անդամ: Իսկ այդ ընթացքում շատերն արդեն շտապում էին գրանցվել Հայկական վիրտուալ համալսարանի հաջորդ ուսումնական շրջանին մասնակցելու համար, որը կմեկնարկի 2011 թվականի գարնանը: