login
Հոդվածներ
«Արի տուն» ծրագրի մասնակիցները ծանոթանում են հայկական օնլայն կրթության հնարավորություններին 08/25/2017

2017 թվականի ամռանը ՀՎՀ-ն հյուրընկալեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շուրջ 880 երիտասարդ մասնակիցներին: Հունիս և օգոստոս ամիսներին տեղի ունեցած ութ հանդիպումների ընթացքում ՀՎՀ-ի թիմը հանդիպեց հայ երիտասարդների հետ և ներկայացրեց այն բազմաթիվ հնարավորությունները, որոնք նրանց համար հասանելի են ՀՎՀ-ի ծրագրերի շնորհիվ:

Ամենամյա այսպիսի հանդիպումները ՀՎՀ-ի համար իր գործունեությունն ընդարձակ լսարանին ներկայացնելու և մեծ թվով նոր ուսանողներ ներգրավելու հիանալի առիթ են հանդիսանում: ՀՎՀ-ի դասավանդման նորարարական մոտեցումը և օնլայն կրթության հարուստ գործիքակազմը երիտասարդներին հասնելու կատարյալ միջոց են: Չէ՞ որ նրանց համար համացանցը հաղորդակցության առաջնային միջոց է:

ՀՎՀ-ի և Սփյուռքի նախարարության շարունակական գործընկերությունը մեկ ընդհանուր նպատակի է ծառայում. այն է՝ երիտասարդներին հիշեցնել իրենց հայկական արմատների մասին և ամրապնդել կապն իրենց ժառանգության ու պատմական հայրենիքի հետ: «Արի տուն» ծրագրի շնորհիվ երիտասարդներն առաջին անգամ Հայաստան են այցելում, իսկ վերադառնալուց հետո ՀՎՀ-ի շնորհիվ նրանք շարունակում են բացահայտել իրենց ազգային ինքնությունը և էլ ավելի ամրապնդել հայրենիքի հետ կապը:

Համատեղ այս ծրագիրը կարևորվում է ևս մեկ իրողությամբ. սփյուռքում երիտասարդներից շատերը զրկված են հայկական դպրոց հաճախելու կամ հայոց լեզու, պատմություն ու մշակույթ սովորելու հնարավորությունից: Կրթական այս եզակի ծրագրից բացի, ՀՎՀ-ն նրանց օգնում է նաև կապ հաստատել աշխարհի տարբեր երկրներում ապրող իրենց հասակակիցների հետ և դառնալ հայկական աշխարհասփյուռ համայնքի մի մասնիկը: