login
Հոդվածներ
ՀՎՀ-ն ներկայացվեց ՀԲԸՄ Եվրոպայի երիտասարդ արհեստավարժների գագաթնաժողովում 12/10/2017

ՀԲԸՄ Եվրոպայի երիտասարդ արհեստավարժների(ԵԱ) երրորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ 2017թ. դեկտեմբերի 10-ին Փարիզում, որտեղ ԵԱ խմբի առաջնորդները և ակտիվ մասնակիցները հավաքվել էին` ամփոփելու նախորդ տարվա ձեռքբերումները և կենտրոնանալու ապագա ծրագրերի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայում Երիտասարդ արհեստավարժների ինտեգրման վրա։ Գագաթնաժողովը նաև առիթ էր մասնագիտական զարգացման և առաջնորդության հմտությունների բարձրացման համար, ինչի առիթով գագաթնաժողովում իրենց ելույթով հանդես եկան Արեթ Ապրահամյանը (Oracle) և Ֆաբրիս Ասվածատուրյանը (Accenture Strategy).

 

ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանի ելույթի հիմնական թեման աշխարհասփյուռ հայության համար մեծ կարևորություն ունեցող ազգային ինքնության պահպանումն էր և Հայկական վիրտուալ համալսարանի դերը`որպես այդ ինքնության պահպանման և խթանման միջոց։

 

Դոկտոր Զորյանի խոսքով`հայապահպանության համար անհրաժեշտ է համընդհանուր հասանելի առցանց հարթակ, որտեղ հնարավոր է ձեռք բերել գիտելիքներ հայկական ժառանգության մասին (լեզու, մշակույթ և պատմություն), ինչպես նաև կապ հաստատել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի հետ։ ՀՎՀ էլեկտրոնային գրքերը և օնլայն դասընթացները հարուստ ռեսուրս են հանդիսանում սփյուռքում հայկական ինքնությունը կերտելու համար։ ՀՎՀ-ն կարծես նյարդային ցանց լինի, որը գիտելիքների կետերը կապելով միմյանց` ստեղծում է վիրտուալ համայնք։

 

Իր ելույթում դոկտոր Զորյանը նաև անդրադարձավ հայրենիքի բարգավաճման խնդիրներին։ Նա կարևորեց գիտելիքի վրա հիմնված տնտեսության աճող դերը` օրինակ բերելով ՏՏ արդյունաբերությունը` որպես Հայաստանի արդյունաբերության ամենաարագ աճող ոլորտ։ Կրթական ոլորտը, հատկապես ԳՏԻՄ կրթությունը (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն և մաթեմատիկա) դինամիկ տնտեսական զարգացման հիմնական պայմանն է։ ՀՎՀ-ի կարողությունները և վերջին տասնամյակում օնլայն կրթության ոլորտում ձեռք բերած եզակի փորձը կարող են ամուր հիմք հանդիսանալ ԳՏԻՄ կրթության առցանց հարթակ ստեղծելու համար`օգնելով Հայաստանում կառուցել գիտելիքի վրա հիմնված ամուր տնտեսություն։