card
login
Հոդվածներ
ՀՎՀ շախմատի դասընթացի հավաստագրման արարողությունը ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղում 10/24/2015
2015 թվականի հոկտեմբերի 24-ին ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի Հելիոպոլիսի կենտրոնում տեղի ունեցավ ՀՎՀ շախմատի դասընթացի հավաստագրման արարողություն և մշակութային միջոցառում: Միջոցառման ժամանակ ՀԲԸՄ Եգիպտոսի ատենապետ դոկտոր Վիգեն Ճիզմեջյանը, Եգիպտոսում ՀԲԸՄ ՀՎՀ ներկայացուցիչ Աննա Դոլաբջյանը և ՀՎՀ շախմատի հիբրիդ ծրագրի ուսուցիչ Վարդան Շուշանյանը պատվոգրեր հանձնեցին ՀԲԸՄ ՀՎՀ շախմատի ակումբի անդամներին` ՀՎՀ շախմատի դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: ՀԲԸՄ Կահիրեի գրասենյակի, Եգիպտոսում ՀՎՀ ներկայացուցիչ Աննա Դոլաբջյանի և ՀՎՀ ամբողջ թիմի համատեղ ջանքերի շնորհիվ 2014 թվականի հոկտեմբերին ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղում բացվեց շախմատի դասարան: Ամբողջ ուսումնական գործընթացի ընթացքում Կահիրեի մասնաճյուղի շախմատի դասընթացի ուսանողներին տրամադրվեց ոչ միայն լավ մշակված օնլայն տեսական նյութեր, այլ նաև նրանց հնարավորություն տրվեց իրենց գիտելիքները գործնականում կիրառել ՀՎՀ շախմատի դասընթացի օնլայն ուսուցիչ Վահագն Քալանթարյանի հետ շախմատային մրցաշարերի ժամանակ: Միջոցառումը սկսվեց ՀԲԸՄ Եգիպտոսի ատենապետ դոկտոր Վիգեն Ճիզմեջյանի ողջույնի խոսքով, որից հետո ՀՎՀ ներկայացուցիչ Աննա Դոլաբջյանը հանդես եկավ ելույթով` ներկայացնելով ՀՎՀ օնլայն ծրագրերը, այդ թվում նաև հիբրիդ կրթության ծրագիրը: Ուսանողներին շնորհավորելու առիթով ՀՎՀ թիմը նույնպես օնլայն միացել էր միջոցառմանը : ՀՎՀ կրթական բաժնի տնօրեն Հասմիկ Խալափյանը, ՀՎՀ շախմատի դասընթացի օնլայն ուսուցիչ Վահագն Քալանթարյանը և ՀՎՀ համագործակցության զարգացման մասնագետ Նաիրա Գասպարյանը ողջունեցին ներկաներին և շնորհավորեցին ուսանողներին: Շախմատի դասընթացի հավաստագրման արարողությունը ուղեկցվեց երաժշտական կատարմամբ. սա իսկապես գեղեցիկ մշակութային միջոցառում էր Եգիպտոսի հայ համայնքի համար: Կահիրեի ՀՎՀ շախմատի ծրագրի հաջողությունը գումարվեց այլ հայ համայնքների և դպրոցների հետ ունեցած ծրագրերի շարքին, որոնց հետ ՀՎՀ-ն սիրով համագործակցում է հիբրիդ կրթության ծրագրի շրջանակներում: