login
Հայացք ներսից
«Երբեք չէի պատկերացնի, որ օտար մշակույթն այդքան կարող էր գրավել ինձ» 03/26/2024

Նոելիա Ռոդասը Արգենտինայի Ռոսարիոյի ազգային համալսարանում հայերեն սովորած հարյուրավոր ուսանողներից մեկն է։

 

Քույրը, ով Ռոսարիոյի ազգային համալսարանի ուսանող է, երկու տարի առաջ Նոելիային տեղեկացրեց, որ ֆակուլտետի լեզվի դասընթացները հասանելի են համայնքին։ Դասընթացները մշակված են հիբրիդ ձևաչափով՝ ներառելով և՛ առցանց, և՛ ավանդական կրթության մեթոդները։ Նոելիայի ժամանակը սահմանափակ էր, այսպիսով՝ սա հիանալի հնարավորություն էր։

 

Ռոսարիոյի ազգային համալսարանը Լատինական Ամերիկայում առաջինն էր, որն իր ուսումնական ծրագրում ներառեց ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացները, երբ 2021 թվականին ստորագրվեց համագործակցության համաձայնագիրը՝ նշանավորելով երկարատև գործընկերության մեկնարկը:

 

Հետաքրքիր է, որ Նոելիան չուներ հայկական արմատներ, սակայն որոշեց մասնակցել հայոց լեզվի դասընթացներին։

 

«Երբ ուսումնասիրում էի լեզուների ցանկը, ինձ ամենաշատը հետաքրքրեց հայերենը։ Հիշեցի լրագրող Ալբերտո Լոթուֆի ռադիոհաղորդումներից մեկը՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ։ Շատ էի հուզվել»։

 

Սա եղավ պատճառը, որ Նոելիան որոշեց հայերեն սովորել։ Արդեն հաջողությամբ ավարտել է դասընթացի երկամյա ծրագիրը և հպարտ է իր արդյունքներով։

 

«Երբեք չէի պատկերացնի, որ օտար մշակույթն այդքան կարող էր գրավել ինձ։ Անհամբեր սպասում էի երկուշաբթի և չորեքշաբթի օրերին՝ ուսուցչիս՝ Ելենա Աշճյանի հետ հերթական հանդիպմանը։ Նա մեզ մեծ սիրով և հոգատարությամբ էր սովորեցնում հայոց լեզուն և մշակույթը։ Դասընկերներս էլ ինձ այնպես էին ընդունում, կարծես ինքս հայ լինեմ»։

 

Դասընկերները Նոելիային պատմում էին, թե ինչպես են իրենց նախնիները պայքարել ինքնությունը պահպանելու համար։ Նա չափազանց տպավորված է այդ պատմություններով․

 

Պրոֆ․ Ելենա Աշճյանն իր հերթին նշեց, որ Նոելիայի և նրա դասընկերների հետ անցկացրած այս երկու ուսումնական տարին շատ արժեքավոր էր․ «Որպես ուսուցիչ՝ ինձ շատ հպարտ եմ զգում, որ կարողացել եմ հայերենի և հայկական մշակույթի մասին սովորեցնել Ռոսարիոյի ազգային համալսարանի ուսանողներին։ Սովորելով լեզուն՝ նրանք ծանոթացան օտար մշակույթին, ինչպես նաև նոր ընկերներ ունենալու և նոր կապեր հաստատելու հնարավորություն ունեցան»։

 

«Շնորհակալ եմ ուսուցչիս հետ հայերեն սովորելու այս հիանալի հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև Ռոսարիոյի ազգային համալսարանին և Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Զորյանին՝ հայկական մշակույթի պահպանմանը նպաստելու համար»։

 

ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ կրթական մեթոդը առցանց և ավանդական կրթական մեթոդների խառնուրդն է։ Մեթոդում ներառված են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք կազմակերպվում են հեռավար ուսուցիչների կողմից։ Աշխարհի ավելի քան 66 դպրոցներ և համալսարաններ օգտվում են հիբրիդ ծրագրից, որը հասանելի է 8 լեզուներով։