login
Հայացք ներսից
Սա իմ ընտանիքն է, սա իմ լեզուն է 02/20/2016

Վիկտոր Մոքիստին հայոց լեզու սովորելու համար ՀՎՀ օնլայն դասընթացին գրանցվել սերն էր դրդել: 2011-ին նա Դանիայում սկսեց հանդիպել Հայաստանում ծնված Տաթևիկի հետ և մեկ տարի անց որոշեց լեզուն սովորել:
 

«Տաթևիկի տանը ընտանիքը հիմնականում հայերեն է խոսում, և ես իսկապես ցանկանում եմ այս զրույցներին մասնակցել»,- ասում է Վիկտորը: «Տաթևիկը նաև նշել էր, որ ցանկանում է, որ իր երեխան հայերեն խոսի, և քանի որ ես ցանկանում եմ նրա երեխայի հայրը լինել, լեզու սովորելն ինձ համար կարևոր էր»: Բարեբախտաբար, Տաթևիկն արդեն լսել էր Հայկական վիրտուալ համալսարանի մասին, և քանի դեռ նա իրեն հարմար դասընթաց չէր գտել, Վիկտորը գտավ և ավարտեց արևելահայերենի 5 դասընթացները: Վիկտորն ասաց, որ ՀՎՀ-ի ճկունությունն էր, որ հետաքրքրեց իրեն, քանի որ նա հաճախ շաբաթներով զբաղված էր լինում և վախենում էր, որ ժամկետները կխախտեր: «Ինձ իսկապես դուր եկավ ուսուցման և գործնականի համատեղումը և ցանկացած վայրում դասերը կատարելու հնարավորությունը: Ես հիանալի ուսուցիչ ունեցա, հանձինս Մարինայի, ով ինձ օգնեց միշտ ժամանակին հանձնել աշխատանքները` հարմարեցնելով ուսումս իմ զբաղված կյանքի հետ»: 
   

Վիկտորն ասում է, որ թեև հայերենը միօրինակ լեզու է և նման չէ դանիերենին կամ երեք մյուս լեզուներին, որ տիրապետում է, նա մինչև հիմա ոգևորվում է, երբ կարողանում է դասընթացների ընթացքում սովորածը կիրառել խոսակցության ժամանակ:
 

Հայ կնոջ հետ հանդիպելով և լեզուն սովորելով` Վիկտորը ծանոթացավ Դանիայի հայկական համայնքի հետ: Թեև հաճախ նա այդտեղ միակ ոչ հայն է լինում, բայց իրեն միշտ լավ են ընդունում, իսկ ինքն էլ մեծ սիրով է մասնակցում հայկական միջոցառումներին: Երբ հարցնում են մշակութային նմանությունների մասին, Վիկտորը հաստատում է, որ հետաքրքիր են հենց տարբերությունները: «Հայերը դանիացիներից կարող են որոշ բաներ սովորել, իսկ դանիացիներն անկասկած շատ բան ունեն սովորելու հայերից: Ես հատկապես հիացած եմ հայկական ընտանիքի արժեհամակարգով և, ընդհանրապես, նրանց սոցիալական բարքերով»:
 

Վիկտորը նաև զբաղված է ՀՎՀ-ի գործունեությունը Դանիայում տարածելու աշխատանքով: Վիկտորը, Տաթևիկը և 7 այլ անձինք 2013-ին հիմնեցին Հայաստանի հետ կապեր ստեղծող կազմակերպություն, որ կոչվում է «Amstream» (amstream.net): «Amstream»-ը Կոպենհագենում կազմակերպեց հայկական տեխնոլոգիաների ցուցահանդես Եվրոպայի ամենամեծ գիտական տոնավաճառի` Եվրոպական տեխնոլոգիական ֆորումի (ESOF 2014) ընթացքում: «Մենք ներկայացրեցինք ՀՎՀ-ի շախմատի նոր դասընթացը: Մենք երեխաներին և երիտասարդներին հնարավորություն տվեցինք գալ և փորձարկել շախմատի օնլայն դասընթացը, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Մարդիկ ոգևորված էին դասերի մեջ ներառված հետաքրքիր վարժություններով և գլուխկոտրուկներով»:
 

Վիկտորն առաջին անգամ Հայաստան այցելեց 2011թ.-ի օգոստոսին, որից հետո տարին մեկ անգամ նորից այցելում էր: Նա եղավ նաև ՀՎՀ գրասենյակում, հանդիպեց իր օնլայն ուսուցչի` Մարինայի հետ, ով իր համար սիրելի ընկեր է դարձել: Նա պատմում է Հայաստանում և Արցախում անցկացրած ժամանակի մասին և նշում է, թե որքան գեղեցիկ են անտառներն ու լեռները և որքան հարգալից ու ընկերական են մարդիկ:
 

Ինչ վերաբերում է ապագա դասընթացներին, որոնց նա նպատակ ունի մասնակցելու, Վիկտորն ասում է, որ դադարի կարիք ունի, քանի որ բարձր մակարդակի դասընթացներում շատ նոր նյութ կա և նա դեռ պետք է կրկնի և ամրապնդի այդ ամենը:
 

Սիրելիից որևէ բան սովորելը երբեմն դժվար կարող է լինել, բայց Տաթևիկը` որպես հայոց լեզվի կրող, շատ է ցանկանում օգնել Վիկտորին հայերեն սովորել: Վիկտորը շատ հիանալի ընկերներ ունի Կոպենհագենում, որոնց հետ կարող է խոսել հայերեն, և Տաթևիկը հպարտանում է իրենով, երբ դա իր մոտ ստացվում է: Վիկտորը միշտ սիրով է խոսում ՀՎՀ-ի մասին և այն խորհուրդ է տալիս յուրաքանչյուրին, ով մի փոքր անգամ ցանկանում է հայերեն սովորել:


Հեղինակ` Լենա Թաշչյան