login
Հայացք ներսից
Ժյուլիեն Լեկուտուրիե․ «Ես ցանկանում եմ շարունակել հայերեն սովորել ՀՎՀ-ի հետ» 09/15/2021

30-ամյա Ժյուլիեն Լեկուտուրիեն մեկն է այն երիտասարդներից, ով, ծնվելով և ապրելով նախնիների հայրենիքից հեռու, կյանքի մի փուլում սկսում է փնտրել իր արմատները։

 

Ժյուլիենը մեծացել է Ֆրանսիայում, այսօր ապրում է Վերսալում։ «Թեև իմ հայկական արմատները հեռու անցյալում են մնացել, սակայն մշտապես մեծ հետաքրքրություն եմ ունեցել Հայաստանի, հայկական մշակույթի ու պատմության նկատմամբ»,-ասում է նա։

 

Ժյուլիենը քիչ բան գիտի իր տատիկի ընտանիքի մասին, ում ծնողները վերապրել են Հայոց ցեղասպանությունը և ծագումով Սեբաստիայի Մանջելեխ գյուղից են եղել։

 

«Ես երբեք չեմ եղել իմ նախնիների հայրենիքում։ Այն իմ երազանքներից մեկն է։ Տատիկս այլևս հայերեն չի խոսում, թեև այն իր սովորած առաջին լեզուն էր»,- նշում է Ժյուլիենը։

 

Հայերեն սովորել Ժյուլիենը որոշել է տասնհինգ տարեկանում։ Փարիզին մոտ գտնվող համայնքային կենտրոնում հաճախել է արևմտահայերենի դասընթացի, այնուհետև ուսումը շարունակել է Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO)։

 

2015թ․ նա առաջին անգամ այցելել է Հայաստան, որտեղ, որպես Եվրոպական կամավորական ծառայության անդամ, մնացել է մեկ տարի։ «Անմոռանալի և արգասաբեր փորձառություն էր։ Ես միշտ կհիշեմ խաղաղ և հանգիստ Իջևան քաղաքը՝ իր գրավիչ միջավայրով, նաև Իջևանի համալսարանի ֆրանսերեն բաժնի խելացի ուսանողներին»,-ասում է նա։

 

Հայաստանում Ժյուլիենը սկսեց ավելի կենտրոնանալ արևելահայերենի վրա։ Մի լիբանանահայից նա արդեն լսել էր ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի մասին (ՀՎՀ), իսկ երբ Երևանում կայացած ԴիջիԹեք ցուցահանդեսի ընթացքում հանդիպեց ՀՎՀ-ի ներկայացուցիչներին, Ժյուլիենը որոշեց գրանցվել սկսնակների դասընթացին։ Այսօր նա արդեն արևելահայերենի բարձր մակարդակի ուսանող է։

 

Ժյուլիենը վճռել է շարունակել հայերենի ուսումը ՀՎՀ-ում մինչև լեզվի լիարժեք տիրապետումը։

 

«Նրանց, ովքեր ցանկանում են սովորել կամ կատարելագործել հայերենը, վստահորեն խորհուրդ կտամ մասնակցել ՀՎՀ-ի դասընթացներին»,-ասում է Ժյուլիենը։ «Կարծում եմ՝ այս ծրագիրը հատկապես օգտակար է աշխատանքով ծանրաբեռնված մարդկանց համար, և նրանց համար, ովքեր հեռու են ապրում ավանդական կրթական հաստատություններից՝ համայնքային կենտրոններ, դպրոցներ և համալսարաններ։ Բացի այդ, կա հնարավորություն ընտրել դասընթացի դանդաղ ընթացքը(16-շաբաթյատևողությամբ), ինչը կատարյալ է, եթե չես կարող ամեն օր շատ ժամանակ տրամադրել ուսմանը»,-հավելում է նա։

 

Ժյուլիենը հաճույքով է սովորում ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց դասերը, հատկապես սիրում է կարդալ հայերենով գրված կարճ բնագրերը՝ հագեցված հետաքրքիր փաստերով, գեղեցիկ նկարագրություններով և լավ հումորով։

 

Ժյուլիենը չունի հայախոս շատ ընկերներ կամ ծանոթներ և փորձում է, որքան հնարավոր է, գործնական առցանց հանդիպումներ ունենալ իր հեռավար դասախոս Օվսաննա Ճորոխյանի հետ։

 

«Ես պետք է հատկապես շեշտեմ իմ դասախոսի՝ տիկին Օվսաննա Ճորոխյանի արհեստավարժությունը և բարությունը։ Արդեն վեց տարի է ճանաչում եմ նրան։ Նա մշտապես եղել է իմ կողքին, աջակցել է, քաջալերել, որ շարունակեմ սովորել հայերենը՝ հաղթահարելով դժվարությունները։ Երախտապարտ եմ ՀՎՀ-ի ամբողջ թիմին այս հիանալի և շատ կարևոր աշխատանքի համար»,-եզրափակում է Ժյուլիենը։