login
Հոդվածներ
Լավ սկիզբ. ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագիրը Թոփալյան դպրոցում 04/06/2019

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի և Ժնևի Թոփալյան դպրոցի համագործակցության շնորհիվ հայկական առցանց կրթությունը հասանելի դարձավ դպրոցի աշակերտների համար:

Թոփալյան դպրոցը հիմնադրվել է 1994 թվականին մեծ հայրենասեր և բարերար Հակոբ Թոփալյանի ջանքերով, ում հիմնական նպատակը սփյուռքում հայկական մշակույթի և ազգային ինքնության պահպանումն էր: 1960-ականներին Շվեյցարիա կատարած իր առաջին այցից հետո Հակոբ Թոփալյանը նախաձեռնեց և հովանավորեց հայկական առաջին Սուրբ Հակոբ եկեղեցու կառուցումը Տրուանե քաղաքում: 1985 թվականին նա Իտալիայից տեղափոխվեց Ժնև և այստեղ ստեղծեց հիմնադրամ՝ Շվեյցարիայում հայկական առաջին դպրոցի կառուցումը ֆինանսավորելու նպատակով: Տարիներ անց Թոփալյան դպրոցն իր դռները բացեց առաջին 20 աշակերտների առջև:

Հավատարիմ մնալով իր «Հայ Ապրինք» կարգախոսին՝ դպրոցը շարունակում է հայոց լեզու և մշակույթ դասավանդել արդեն թվով 50 աշակերտներին: Ուսուցիչները և տնօրենը ջանք չեն խնայում իրենց աշակերտների ուսումն առավելագույնս արդյունավետ դարձնելու համար՝ կիրառելով կրթական նորագույն գործիքները և մեթոդները:

2018 թվականին ՀՎՀ-ի հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը Ժնև կատարած իր այցի ընթացքում հանդիպում ունեցավ դպրոցի ներկայացուցիչների հետ՝ սկիզբ դնելով ՀՎՀ-ի և Թոփալյան դպրոցի համագործակցությանը: «Ես տպավորված էի դպրոցում տիրող ոգևորությամբ և դրական էներգիայով: Վստահ էի, որ ՀՎՀ-ի առցանց դասընթացները, էլեկտրոնային ուսուցման առավելությունները նոր շունչ կհաղորդեն դպրոցական ծրագրին: Ես հատկապես շնորհակալ եմ Թոփալյան դպրոցի թիմին և պարոն Վահե Գաբրաշին մեր համագործակցությունն իրականություն դարձնելու համար»:

2019 թվականի հունվարին դպրոցը միացավ արևմտահայերենի առցանց դասընթացին ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի շրջանակներում: Դպրոցի ուսուցչուհի Մարալ Վուրրին նախապես մասնակցել էր ՀՎՀ-ի լեզվի դասընթացին և իր ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները սկսեց կիրառել նաև իր աշակերտներին դասավանդելիս:

«Մենք լիահույս ենք, որ մեր համագործակցությունը ՀՎՀ-ի հետ արդյունավետ կլինի և հաջորդ տարիներին ևս Թոփալյան դպրոցի բոլոր աշակերտները կօգտվեն այս ինտերակտիվ դասընթացից»,-ասաց դպրոցի տնօրեն Անի Մեսրոպյանը:

2018 թվականի դեկտեմբերի 12-ին Թոփալյան դպրոցի աշակերտները մասնակցեցին ինտերակտիվ օնլայն միջոցառման, որի ընթացքում խոսեցին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հայկական ավանդույթների մասին, հետաքրքրությամբ դիտեցին տեսանյութեր, գուշակեցին հանելուկներ և երգեցին: Օնլայն հանդիպումը սկայպով վարում էին ՀՎՀ-ի օնլայն ուսուցչուհի Զեփյուռ Խբլիկյանը և հիբրիդ կրթության ծրագրի պատասխանատու Արփինե Թավաքալյանը:

Մեկ այլ առցանց միջոցառում տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 6-ին՝ նվիրված Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Աշակերտները նախապես պատրաստվել էին, սովորել էին Թումանյանի բանաստեղծությունները և հեքիաթները: Քանի որ հանդիպումը հաջորդել էր Բարեկենդանին, երեխաները կերպարանափոխվել էին տոնին համահունչ: Զեփյուռ Խբլիկյանը նրանց պատմեց Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթը, հետաքրքիր դրվագներ ներկայացրեց Կոմիտասի և Թումանյանի կյանքից, խոսեց նրանց գործունեության և թողած ժառանգության մասին, կազմակերպեց տարբեր խաղեր:

Տիկին Խբլիկյանի ուղեկցությամբ նրանք նաև վիրտուալ այցելեցին Թումանյանի մանկության տունը Դսեղ գյուղում: Զարմանալիորեն պարզվեց, որ աշակերտներից մեկի տատիկը ծնունդով Դսեղից էր: Նա նույնպես ներկա էր միջոցառմանը և իր մանկության հուշերով կիսվեց բոլորի հետ:

«Աշակերտներն այնքան ուրախ էին: Այս հետաքրքիր և գրավիչ օնլայն միջոցառումը ոգևորել էր բոլորին»,- ամփոփեց Մարալ Վուրրին: