login
Հոդվածներ
Սոցիալ-մշակութային միջոցառում Արենիի մասին 11/01/2017

Վիրտուալ սոցիալ-մշակութային հանդիպումները ՀՎՀ-ի կրթական ծրագրի կարևորագույն մասն են, հանդիսանում են ուսանողներին Հայաստանի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին ու տոներին ծանոթացնելու ժամանակակից ու գրավիչ միջոց: Այս խմբային օնլայն հանդիպումներն ուսանողներին ֆիզիկական ներկայության զգացողություն են տալիս, ապահովում են մյուս մասնակիցների հետ հաղորդակցությունը և օգնում են նրանց զգացական կապ ստեղծել Հայաստանի հետ:

 

ՀՎՀ-ի թիմը պարբերաբար տարբեր թեմաների շուրջ նոր վիրտուալ այցելություններ, սոցիալ-մշակութային միջոցառումներ է կազմակերպում, որոնց շնորհիվ օնլայն կրթությունը դառնում է առավել հագեցած՝ թե՛ բովանդակության, թե՛ ինտերակտիվության առումով:

 

Այս ակնկալիքով ՀՎՀ-ի կրթական թիմն այցելեց Վայոց ձորի Արենի գյուղ, որտեղ 2009 թվականի աշնանից ի վեր անց է կացվում տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող ամենամյա գինու փառատոնը: Տարածաշրջանի գինեգործները և գյուղատնտեսները գալիս են Արենի՝ ցուցադրելու իրենց լավագույն արտադրանքը: ՀՎՀ-ի անձնակազմի անդամներն այցելեցին տեղի գյուղատնտեսական շուկան, ծանոթացան մարզի գինեգործական բազմադարյա ավանդույթներին, մասնակցեցին ժողովրդական շուրջպարերին: Նրանք այցելեցին նաև Արենի քարանձավ, որտեղ պեղվել է աշխարհի հնագույն կոշիկը, իսկ վերջերս հնագետների միջազգային խմբի կողմից հայտնաբերվել է 6000-ամյա գինեգործարանը:

 

Արենիի մշակութային միջոցառումները և հնագիտական վայրերն ուսանողներին ներկայացնելու նպատակով այցելության ընթացքում կատարվեցին լուսանկարներ և նկարահանվեցին տեսանյութեր, որոնց հիման վրա ՀՎՀ-ի թիմն այնուհետև պատրաստեց Արենիի հնագույն պատմությանը և մշակութային ավանդույթներին նվիրված ծրագիր: