login
Հոդվածներ
Հայագիտական առաջին ծրագրի մեկնարկը Լիսաբոնի համալսարանում 10/03/2018

Լիսաբոնի համալսարանի արվեստի և հումանիտար առարկաների դպրոցի 2018-2019 ուսումնական տարին նշանավորվեց «Հայոց լեզու և մշակույթ» ծրագրի մեկնարկով: Այս նոր ծրագիրը որդեգրեց ՀՎՀ-ի օնլայն դասընթացները՝ իր մեջ ներառելով ավանդական և օնլայն կրթության մեթոդները: ՀՎՀ-ի ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը և հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը օնլայն հանդիպում ունեցան առաջին մասնակիցների հետ:

 

Այս նոր կրթական ծրագիրը Պորտուգալիայում կազմակերպված հայագիտական առաջին դասընթացն է, որն իրականություն է դարձել «Պորտուգալիա-Հայաստան» ընկերակցության և Լիսաբոնի համալսարանի համատեղ ջանքերի շնորհիվ: Ծրագրի ֆինանսավորումը տրամադրել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը:

 

Լիսաբոնի համալսարանում հայագիտական այս ծրագրի ստեղծման գաղափարն ազդարարվեց «Պորտուգալիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Վահե Մխիթարյանի ու Արվեստի և հումանիտար առարկաների դպրոցի դեկան Միգել Տամենի միջև ստորագրված համագործակցության հուշագրով: Միջոցառման ընթացքում պրոֆեսոր Միգել Տամենը խոսեց հուշագրի կարևորության մասին՝շեշտելով, որ այն կխթանի Պորտուգալիայում հայոց լեզվի և մշակույթի տարածումը: «Հայոց լեզու և մշակույթ» ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց 2018 թվականի ապրիլին:

 

«Մենք բարձր ենք գնահատում այս նոր ձևավորվող եռակողմ համագործակցությունը», - իր տեսաուղերձում նշեց ՀՎՀ հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը, - մենք պատրաստ ենք աջակցելու վերջինիս հաջող ընթացքին»:

 

Ծրագրին կարող են մասնակցել համալսարանի ուսանողները, հայագիտությամբ հետաքրքրված անձինք, այդ թվում՝ տեղի հայ համայնքի անդամները: