login
Հոդվածներ
ՀՎՀ-ի այցը Ստամբուլ 10/08/2013
ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանը միշտ և ամենուր հասանելի է ոչ միայն վիրտուալ տիրույթում, այլ նաև ֆիզիկապես: ՀՎՀ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի ներկա գտնվի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող սփյուռքահայ համայնքներում, որոնք իսկապես ՀՎՀ-ի առաջարկած ծառայությունների կարիքն ունեն: Ս.թ. հոկտեմբերի 8-ից 11-ը ՀՎՀ հիմնադիր տնօրեն դոկտոր Երվանդ Զորյանը պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում. նպատակն էր հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչներին: Սա նրա երկրորդ հանդիպումն էր թուրքահայ համայնքի հետ, իսկ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել երեք տարի առաջ: Այցի ժամանակ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, որի ընթացքում դոկտոր Զորյանը համայնքի անդամներին ներկայացրեց ՀՎՀ-ի նորանոր առաջարկները: Ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը, որը կազմակերպել էր համայնքի ակտիվ անդամներից մեկը` Թամար Կարասուն, տեղի ունեցավ Մխիթարյան սանուց միությունում: Հանդիպմանը ներկա էին տարբեր ոլորտների փայլուն և ակտիվ երիտասարդ մասնագետներ` իրավաբաններ, տնտեսագետներ, ուսուցիչներ և այլոք: Դոկտոր Զորյանը հանդես եկավ ՀՎՀ-ի մասին իր բացման խոսքով, որից հետո ստեղծված մտերմիկ միջավայրը վերաճեց գեղեցիկ քննարկման: ՀՎՀ-ի առաքելությունից և գործունեությունից ոգեշնչված` երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ՀՎՀ-ին իր կարևորագույն նպատակի իրագործման հարցում. այն է` հայկական կրթությունը տարածել ամբողջ աշխարհում և հասանելի դարձնել բոլորին: Մեկ այլ կարևոր և արդյունավետ հանդիպում կազմակերպվեց Ստամբուլի կրթական հիմնադրամի կողմից: Հանդիպմանը ներկա էին Ստամբուլի 17 հայկական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ և այլ անդամներ: Պարոն Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ի վերջին երեք տարիների կարևոր ձեռքբերումները Ստամբուլ կատարած առաջին այցից հետո: Թուրքիայում բնակվող հայերի համար ամենամեծ ձեռքբերումը թուրքերենը ՀՎՀ-ի դասավանդման լեզու ընդունելն էր արդեն գործող 6 լեզուների կողքին: Այս փաստը զգալիորեն նպաստեց, որպեսզի Թուրքիայից շատ ուսանողներ միանան ՀՎՀ-ին: Մյուս քննարկման թեման եղավ ՀՎՀ-ի հիբրիդ ծրագիրը, որը համագործակցության ևս մեկ ոլորտ է իրենից ներկայացնում: Ստամբուլի շատ դպրոցներ կարող են օգտագործել ՀՎՀ-ի դասավանդման մուլտիմեդիա նյութերը` իրենց լսարանին տրամադրելով ավելի որակյալ կրթություն: Դոկտոր Զորյանի Ստամբուլ կատարած քառօրյա այցը նպաստեց ՀՎՀ-ի մասին թուրքահայության իրազեկության բարձրացմանը և համագործակցության նոր հնարավորությունների սկիզբ դրեց: