login
Հոդվածներ
ՀՎՀ-ն մասնակցեց ԴիջիԹեք Էքսպո 2015-ին 10/04/2015
2015թ. հոկտեմբերի 2-4-ը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) մասնակցեց ԴիջիԹեք Էքսպո 2015-ին, որը տեղի ունեցավ «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: ՀՎՀ-ն ցուցադրեց օնլայն ուսուցման բնագավառի իր ձեռքբերումները` շեշտադրելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ մշակած օնլայն շախմատի ծրագիրը: Հոկտեմբերի 3-ին ցուցահանդեսին ներկա գտնվեց նաև նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Նախագահը կանգ առավ ՀՎՀ տաղավարի մոտ և ծանոթացավ շախմատի օնլայն ուսուցման նորարարական գործիքներին, ծրագրի մուլտիմեդիա առանձնահատկություններին և ուսուցման արդի մեթոդներին: ՀՎՀ-ի տաղավար այցելեցին նաև հայտնի շախմատիստներ Տիգրան Պետրոսյանը և Ռաֆայել Վահանյանը: Այցելուները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ծրագրի նկատմամբ` հավաստելով, որ այն փայլուն հավելում է Հայաստանի միջնակարգ դպրոցների տարրական դասարաններում շախմատը որպես պարտադիր առարկա ներմուծելու պետական քաղաքականությանը: Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում ՀՎՀ-ի տաղավարը գրավեց մեծ թվով երիտասարդ մասնագետների, ուսանողների և մանկահասակ երեխաների ծնողների ուշադրությունը: Ուսումնական նյութում կիրառված մուլտիմեդիա հնարավորությունները, ինտերակտիվ գլուխկոտրուկները և վարժությունները, նյութի մատուցման մատչելիությունը գրավեցին այցելուների հետաքրքրությունը, և շատերը տեղում արձանագրվեցին դասընթացին: Ցուցահանդեսին մասնակցեցին ցանցային համակարգերի, հեռահաղորդակցության, ՏՏ ծառայությունների, համացանցի կիրառական ծրագրերի, տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման բնագավառներում մասնագիտացած շուրջ 170 տեղական և արտասահմանյան տեխնոլոգիական արդյունաբերության ընկերություններ: