login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը և Երևանի քաղաքապետարանը ներկայացրեցին նոր ինտերակտիվ էլեկտրոնային գիրքը՝ «Բացահայտենք Երևանը» 04/01/2015
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և Երևանի քաղաքապետարանը 2015թ. ապրիլի 1-ին համատեղ գլոբալ ֆորում կազմակերպեցին, որի ընթացքում ներկայացրեցին նոր ինտերակտիվ էլեկտրոնային գիրքը` «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային»: Գիրքը լրացնում է ՀՎՀ-ի կողմից մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված գրքերի շարքը: ՀԲԸՄ Ընդհանուր ժողովի մասնակից շուրջ 100 սփյուռքահայեր, դիվանագիտական կառույցների, ՀՀ-ում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների, տնտեսության, կրթության և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ներկա էին Երևանի քաղաքապետարանի սրահում կազմակերպված գլոբալ ֆորումին: Գիրքը հարուստ է հետաքրքրական ոճով ներկայացված գրավիչ և օգտակար տեղեկատվությամբ: Այն կազմվել է՝ օգնելու ընթերցողներին արդյունավետ և հաճելի ժամանակ անցկացնել Երևանում և իր շրջակայքում: Քաղաքային շրջագայություններից ու զբոսանքներից մինչև մշակութային տոնակատարություններ և սոցիալական միջոցառումներ ներկայացնող գիրքն առաջարկում է ծրագրերի բազմազանություն: Տեսահոլովակներ, ինտերակտիվ քարտեզներ, վիրտուալ շրջագայություններ, նկարների պատկերասրահներ, եռաչափ պատկերներ, համայնապատկերներ և գրավիչ պատմություններ են օգտագործվել քաղաքը և իր շրջակայքն ընթերցողներին ներկայացնելու համար: Գիրքը պարունակում է պատմական, սոցիալական և ժողովրդագրական տեղեկություններ, որոնք կատարյալ հղում կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են այցելել Երևան կամ պարզապես ծանոթանալ քաղաքի պատմությանը: Ներկայացված գրքի անգլերեն տարբերակին շուտով կհաջորդեն արևելահայերեն, արևմտահայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն տարբերակները: Գրքերի շարքը հնարավոր կլինի անվճար ներբեռնել կամ բրաուզեր տարբերակով առցանց տեսնել Apple iBook store-ում: «Մատուցման նորարարական ձևով և թարմ տեղեկատվությամբ հարուստ «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը կատարյալ է նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս շատ բան քաղել երևանյան իրենց այցից և/կամ հարուստ տեղեկություններ ստանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի մասին,- ասաց ՀՎՀ հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը: - Լիահույս եմ, որ այս ձեռնարկն ընթերցողների լայն շրջանակ ձեռք կբերի և կնպաստի, որ Երևանը դիտարկվի որպես զբոսաշրջության լավագույն վայրերից մեկն աշխարհում»: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծեց արդյունավետ համագործակցության կարևորությունը Երևանի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև, որը կնպաստի նմանատիպ հաջող նախաձեռնությունների երկարատև և շարունակական լինելուն: «Իսկապես զգալի աշխատանք է արվել: Նորագույն տեխնոլոգիաները մեզ հնարավորության կտան մեր 2796-ամյա մայրաքաղաքն աշխարհին ներկայացնել որպես զբոսաշրջության գրավիչ քաղաք»,- նշեց քաղաքապետը: Նա նաև ասաց, որ նման գրավիչ նախագծերը կնպաստեն գրքի և գրականության հանդեպ հետաքրքրության աճին: ՀՎՀ գործընկերները, միջազգային ներկայացուցիչները և ուսանողներն ամբողջ աշխարհից առցանց և հենց տեղում միացան գլոբալ ֆորումին` գնահատանքի իրենց խոսքերն ու շնորհավորանքներն ասելու նոր էլ. գրքի կապակցությամբ: «Հայագիտական առարկաները հետ էին մնացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից, և ՀՎՀ-ն լրացնում է այդ բացը»,- ասաց դոկտոր Ռազմիկ Փանոսյանը՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժնի տնօրենը: Չինաստանի և Արևելյան Ասիայի ՀՎՀ ներկայացուցիչ Հենրի Արսլանյանը, ով «ՉինաՀայի»՝ Չինաստանում հայկական համայնքի նախագահն է, խոսեց համայնքի կարիքների և երիտասարդ սերնդին հայոց լեզու դասավանդելու միջոցով իրենց համայնքում հայկական ինքնության պահպանման ՀՎՀ-ի կարևոր առաքելության մասին: ՀԲԸՄ Կրթաթոշակների և այլընտրանքային կրթության տնօրեն Նատալի Գաբրիելյանն էլ նշեց, որ ՀՎՀ-ն էլ. գրքերի միջոցով ընդլայնել է իր ծրագիրը` վիրտուալ դասարանից հասնելով մինչև լայն հանրություն, և նոր էլ. գիրքը հանդիսանում է ծրագրի ընդլայնման ևս մեկ գրավիչ միջոց: «ՀՎՀ-ի դասընթացների, վիրտուալ շրջագայությունների և էլ. հրապարակումների միջոցով ՀՎՀ-ն տալիս է մեզ այն, ինչ անհրաժեշտ է ուսանողին հայոց լեզու, պատմություն ու մշակույթ սովորելու համար»,- ասաց Ռումինիայից ՀՎՀ ուսանող Մարիա Եպատովը, ով Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալասարանի դասախոս է: «ՀՎՀ-ն իրապես բավարարում է հայագիտական առարկաներում ժամանակակից միջոցների կիրառման պահանջը»,- ասաց Շահե Թանաշյանը՝ Կանադայում Մոնրեալի ՀԲԸՄ ներկայացուցչության նախագահը և ՀԲԸՄ Մոնրեալի Արմեն Քվեբեկ դպրոցի տնօրենը: Աննա Դոլաբջյանը՝ ՀՎՀ-ի ներկայացուցիչը Եգիպտոսում, խոսեց իրենց համայնքում հայոց լեզվի և շախմատի հիբրիդ մեթոդով դասավանդման փորձի և նոր նախաձեռնությունների մասին, որոնք հնարավորություն կտան համագործակցել իրենց համայնքի այլ կազմակերպությունների հետ ՀՎՀ-ի գործունեության սահմաններն էլ ավելի ընդարձակելու համար: Մի քանի ուսանողներ Թուրքիայից և Դանիայից նույնպես կիսեցին ՀՎՀ-ի միջոցով հայագիտական առարկաներ սովորելու իրենց փորձը, որն օգնում է ավելի լավ իմանալու հայոց պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև նպաստում է ընտանիքի անդամների միությանը: «ՀՎՀ-ն հայկական առաջին կազմակերպություններից է, որ օգտագործում է Ջումագի արտադրանքն ինտերակտիվ բովանդակություն ստեղծելու համար»,- ասաց Ջումագ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Ռուբեն Վարդանյանը: Նա ողջունեց ՀՎՀ-ի կողմից իր էլ. գրքերում գերժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելու և դրանք անվճար տրամադրելու նախաձեռնությունը: Միջոցառման շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ոսկե մեդալով: Արտահայտելով իր երախտիքը նման գնահատանքի համար և ընդգծելով ՀԲԸՄ-ի հետ համագործակցության կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին նվիրեց Երևանի զինանշանի պատկերով հուշանվեր: «Բացահայտենք Երևանը» էլ. գիրքն արդեն հասանելի է մոբայլ սարքերով և համակարգիչներով: Տեսանյութերի հղումներ «Բացահայտենք Երևանը» էլ. գրքի թրեյլեր Էլ. գրքի շնորհանդեսի ուղիղ հեռարձակման ձայնագրություն