login
Հոդվածներ
ՀՎՀ-ն ամփոփում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ հաջողված համագործակցության մեկ տարին 06/19/2017

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) հետ համագործակցությունը նախաձեռնվեց 2016 թվականի ուսումնական շրջանի ընթացքում: ՀՌՀ-ի մենեջմենթ և միջազգային հարաբերություններ բաժինների ուսանողներից կազմված խումբը մասնակցեց Հայկական վիրտուալ համալսարանի «Արևելահայերեն սկսնակների համար» դասընթացին: Համագործակցության մեկ տարին հաջողությամբ ամփոփվեց 2017 թվականի հունիսի 19-ին՝ ՀՌՀ-ի 13 ուսանողների վկայականների հանձնման արարողությամբ:

ՀՌՀ-ի ուսանողների համար ուսումնառության լավագույն արդյունքներն ապահովելու, համալսարանի ակնկալիքներն արդարացնելու նպատակով ՀՎՀ-ի լեզվի օնլայն դասընթացը կատարելապես վերափոխվեց հիբրիդ (blended) դասընթացի ՀՎՀ-ի կրթական ծրագրի պատասխանատու Մարինա Խաչատուրյանի և ՀՎՀ-ի հիբրիդ կրթության պատասխանատու Արփինե Թավաքալյանի կողմից: Արդյունքում, ուսանողները հնարավորություն ունեցան օգտվելու օնլայն և դեմ-առ-դեմ ուսուցման մեթոդների առավելություններից:

Վկայականների հանձնման արարողությանը ներկա էին երկու համալսարանների ղեկավարները: Նրանք քննարկեցին համագործակցության շարունակականությունը 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում: Այնուհետև ՀՎՀ-ի ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը ուսանողներին շնորհեց իրենց ավարտական վկայականները: Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ՀՎՀ-ին և հայերենով խոսեցին իրենց փորձի մասին, ինչը նրանց ձեռք բերած գիտելիքների և ՀՎՀ-ի թիմի ներդրած ջանքերի լավագույն վկայությունն էր:

Հաշվի առնելով ծրագրի առաջին տարվա հաջող ավարտը՝ համագործակցությունը խոստանում է ընդլայնվել՝ ընդգրկելով ՀՌՀ-ի ռուսախոս ուսանողների ավելի մեծ լսարան: