card
login
Հոդվածներ
Կահիրեի ՀԲԸՄ մասնաճյուղում բացվեց ՀՎՀ շախմատի դասարան 10/17/2014
Ս.թ. հոկտեմբերի 17-ից Կահիրեի ՀԲԸՄ գրասենյակում գործում է շախմատի դասարան, որտեղ ուսանում են համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Շախմատի դասարանը սկսեց գործել ՀԲԸՄ գրասենյակի, ՀՎՀ ողջ թիմի եւ Կահիրեում ՀՎՀ ներկայացուցիչ Աննա Դոլաբջյանի ջանքերով: Այսօր դասարանում 12 ուսանող կա, սակայն հետաքրքրվածների թիվը մեծ է, եւ նրանք էլ մոտ ապագայում կընդգրկվեն ՀՎՀ ուսանողների շարքում: Այլ համայնքների պես այստեղ էլ դասընթացը կրթության հիբրիդ մոդելով է ընթանում: Կրթություն տրամադրելու՝ ՀՎՀ-ի այս եզակի մոտեցումը, որտեղ բացի ՀՎՀ օնլայն ուսուցչից, դասարանում ուսանողների հետ աշխատում է եւս մեկ ուսուցիչ, աշխարհում բնակվող հայերին եւ ՀՎՀ-ի դասընթացներով հետաքրքրվողներին մեծապես օգնում է մատուցվող նյութը դյուրությամբ ընկալել եւ կրթական այս հետաքրքիր մեթոդից ստանալ առավելագույն արդյունքներ: Կահիրեի շախմատի դասարանում ուսուցիչը Գեւորգ Ավանյանն է, ով դասընթացին եւ դասավանդման մեթոդներին ծանոթանալու նպատակով ավատրել է ՀՎՀ-ի կողմից տրամադրվող շախմատի ողջ դասընթացը և ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ստեղծվել է Եգիպտոսում: Այս առումով Կահիրեում ՀՎՀ ծրագրի մեկնարկը մեզ համար առանձնահատուկ նշանակություն է ստանում: Աշխարհի հայ բազմաթիվ դպրոցներ եւ համայնքներ օգտվել են ՀՎՀ-ի ընձեռած հիբրիդ կրթության հնարավորությունից, եւ մենք ուրախ ենք, որ այսօր արդեն Կահիրեի հայերն են ներգրավվում», - ասաց ՀՎՀ ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը: ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին մասնակցում են սփյուռքի այն դպրոցները եւ համայնքները, որոնք ցանկանում են նորարարական կրթական մեթոդներ ներգրավել իրենց ուսումնական ծրագրում կամ հայագիտական առարկաների դասընթացներ կազմակերպել: Կահիրեում շախմատի դասարանը ՀՎՀ-ի ընդգրկուն աշխարհագրության մեկ բաղկացուցիչն է, որը ժամանակի ընթացքում նոր շրջանակներ կընդգրկի: