login
Մամլո հաղորդագրությոններ
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկում է առցանց կրթության իր հարթակը 03/26/2020

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին`կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը: Այն նպատակ ունի ապահովել կրթական գործընթացի շարունակականությունը, ամբողջովին առցանց միջավայրում կարելի է սովորել ու բացահայտել հայկական պատմության և մշակույթի հետաքրքիր թեմաները, հանդիպել նոր ընկերների:

Նորարարական այս ծրագրի 4 շաբաթների ընթացքում (մարտ 26-ապրիլ 23) առցանց հարթակում անդրադարձ կլինի հայկական մշակութային ժառանգությանը՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ: Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները և վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: Կրթական հարթակը նաև լավ հնարավորություն է ամբողջ աշխարհից միացած մասնակիցների ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների և առցանց հաղորդակցության համար:

«Ողջունում եմ ՀՎՀ-ի նախաձեռնությունը կրթական համակարգի համար անցումային այս փուլում: ՀՎՆ-ն արդեն ապացուցել է թվային կրթական հարթակների դաշտում իր ուրույն տեղն ունենալու անհրաժեշտությունը, և այս քայլը լուրջ առաջխաղացում է: Թվային կրթական հարթակների դաշտում այս նախաձեռնությունն առանձնահատուկ է նաև նրանով, որ կաջակցի սփյուռքի մեր հայրենակիցների առցանց կրթության կազմակերպմանը: Բացի այդ, այն առաջարկում է մշակութային զարգացման նոր հնարավորութուններ»,-նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«ՀՎՀ-ի առցանց կրթահարթակը ստեղծում է նոր բացահայտումներ անելու և նոր ընկերներ ձեռք բերելու միջավայր՝ գտնվելով տանը: Այս ճգնաժամային պայմաններում մենք արձագանքում ենք հայ համայնքների կրթական կարիքներին՝ ի սպաս դնելով ՀՎՀ-ի եզակի հնարավորությունները: Բացի այդ, մենք պատրաստվում ենք ՀՎՀ-ի գարնանային ուսումնական շրջանին, որն այս տարի կմեկնարկի ավելի վաղ և կտրամադրվի անվճար հիմունքներով»,- ասել է ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը:

Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կկազմակերպվեն նաև վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: Ամենօրյա հանդիպումները կվարեն ՀՎՀ-ի փորձառու հեռավար դասախոսները: Նրանք նաև կաջակցեն մասնակիցներին ամբողջ ծրագրի ընթացքում: Հեռավար դասախոսների հետ կապը կնպաստի մասնակիցների գիտելիքների ամրապնդմանը, իսկ նորարարական մուլտիմեդիա միջոցներն ուսումը կդարձնեն հետաքրքիր: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար avc-agbu.org կայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:

ՀՎՀ-ի գործունեությանը և ծրագրերին ծանոթանալու համար այցելեք
www.avc-agbu.org
Facebook
YouTube
Twitter
Instagram