login
Հայացք ներսից
Մայրենի լեզվով Թումանյան վայելելիս 02/05/2014

Արսեն Պետրոսյան`բազմակողմանիորեն զարգացած մի հայ երիտասարդ, հեռահաղորդակցության մենեջեր Մոսկվայից, ով ծնվել է Ռուսաստանում, իսկ հետո ընտանիքի հետ եկել Հայաստան: Թեև, երբ նա 5 տարեկան էր, նրանք կրկին վերադարձան իր մայրիկի ծննդավայր` Ռուսաստան:


 Արսենը ապրեց Հայաստանում մինչև 1991 թվականը և իր հայրենիք նորից եկավ միայն 2005թ.-ին: Այս անգամ երկիրը զգալիորեն փոխվել էր, և երիտասարդ Արսենը իր մանկության Երևանից շատ քիչ բան հիշեց: Նա հայերեն խոսում էր միայն տանը և իր հայրիկի մի քանի ընկերների հետ, քանի որ դպրոցի և համալսարանի ընկերները ռուս էին: 2008թ. նա միացավ ՍԻՎԱՄ-ին (Մոսկվայի Հայ երիտասարդության մտավոր փոխգործակցության ընկերակցություն), վերջինս ՀԲԸՄ-ի հետ համագործակցող ասոցիացիա է Ռուսաստանում: ՍԻՎԱՄ-ում նա ծանոթացավ բազմաթիվ հայ երիտասարդների հետ:
Արսենը այս քայլը նկարագրում է որպես վերադարձ դեպի հայկական աշխարհ: Այստեղ էլ 2009թ.-ին նա հնարավորություն ունեցավ մասնակցել Հայկական վիրտուալ համալսարանի մասին պատմող շնորհանդեսին, որից անմիջապես հետո այցելեց ՀՎՀ կայք գրանցվելու համար:


«Մի անգամ Մոսկվայում ես գնացի գրախանութ և կանգ առա Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Թումանյանի ռուսերենով թարգմանված գրքերի առջև: Ես գնեցի դրանք և կարդացի, բայց չվայելեցի: Նրանք ինձ դատարկ թվացին, թեև ես շատ լավ գիտեի, որ երկուսն էլ անվանի գրողներ են, հատկապես Թումանյանը»,- ասում է Արսենը: «Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ պետք է հայերեն սովորեմ թումանյանական պոեմները իմ մայրենի լեզվով կարդալու համար»:
 

Միևնույն ժամանակ, երբ 2009-ին ավարտում էր Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտի մագիստրատուրան, նա արդեն մասնակցում էր Հայկական վիրտուալ համալսարանի արևելահայերենի դասընթացին: 2012 թվականին նա ավարտել էր դասընթացի բոլոր մակարդակները:
 

Այդ ընթացքում, 2011-ին, Արսենը եկավ Հայաստան, այցելեց ՀՎՀ-ի երևանյան գրասենյակ և մյուս ուսանողների, օնլայն ուուցիչների և ՀՎՀ-ի ընկերների հետ միասին մասնակցեց ՀՎՀ-ի առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այս այցի ժամանակ նա որոշեց Հայաստանում ավելի երկար մնալ: Birthright Armenia կազմակերպության օգնությամբ նա վեց ամիս ապրեց և աշխատեց Երևանում: Արսենի քույրը, որ իրենից երկու տարով է փոքր, նույն որոշումը կայացրեց, տեղափոխվեց Հայաստան և այժմ համոզում է Արսենին նույն կերպ վարվել:
 

Ինչ սկսեց հայերեն սովորել, Արսենի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ավելի մեծացավ, կապը հայրենիքի հետ ավելի ամրացավ: ՀՎՀ-ի դասընթացն ավարտելով` նա արդեն կարողանում է հետևել և շատ ավելի լավ հասկանալ Հայաստանին վերաբերող լուրերը: Արսենը նաև իր համայնքի անդամներին է խորհուրդ տվել դառնալ ՀՎՀ ուսանող: Մինչ այժմ բազմաթիվ շնորհանդեսներ է կազմակերպել ՍԻՎԱՄ-ում և հայկական այլ կազմակերպություններում` ներկայացնելով ՀՎՀ-ի գործունեությունը և վերջինիս դերը հայոց լեզվի և հայկական կրթության հետ միշտ կապված մնալու գործում:
 

«ՀՎՀ-ն շատ արդյունավետ միջոց է հայերեն սովորելու համար, քանի որ ունի շատ լավ համակարգ, կատարյալ ուսուցիչներ և դրական մթնոլորտ: ՀՎՀ-ն ամենից փորձված վայրն է մեր համայնքի անդամների համար, ովքեր ցանկանում են հայերեն սովորել»,- ասում է Արսենը:
 

Արսենը վերջապես հայերենով կարդաց Թումանյանի ստեղծագործությունները և մեծագույն ուրախություն զգաց իր երազանքն իրականություն դարձնելու հաճույքից: Նա այժմ հայերենով դերեր է խաղում Մոսկվայի հայկական փորձարարական «Խենթ» թատրոնում, իսկ, վերջերս, նոյեմբերի 26-ին, հայկական գրականության օրվա առիթով նա խաղաց Մեսրոպ Մաշտոցի աշակերտի դերը հայոց այբուբենի ստեղծմանը նվիրված ներկայացումում:
 

«Այն պահից, ինչ հայերեն սովորեցի, հայկական մի նոր իրականություն ծնվեց իմ մեջ»,- ասում է Արսենը և, ժպտալով ավելացնում, որ նույնիսկ սկսելու է հայերեն խոսել իր ընկերուհու հետ:


Հարութ Էկմանյան