login
Հոդվածներ
«Վերաձևակերպելով կրթությունը գլոբալիզմի ժամանակաշրջանում» խորագրով հանդիպումներ Ավստրալիայում 05/10/2019

2019թ. մայիսին ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ. Երվանդ Զորյանն այցելեց Ավստրալիայի հայկական համայնքներ և դասախոսություններով հանդես եկավ ՀԲԸՄ Մելբուրնի և Սիդնեյի կենտրոններում: «Վերաձևակերպելով կրթությունը գլոբալիզմի ժամանակաշրջանում» խորագրով հանդիպումների ընթացքում նա ներկայացրեց, թե ինչպես է տեխնոլոգիան փոխել կրթության ավանդական մոտեցումը: Դոկտ. Զորյանը խոսեց ՀԲԸՄ-ի այլընտրանքային կրթության ծրագրերի, մասնավորապես՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի մասին: Որպես կրթական եզակի հարթակ՝ ՀՎՀ-ն հայագիտական կրթություն ստանալու հնարավորություն է տալիս բոլորին՝ անկախ բնակության երկրից, տարիքից, գիտելիքների մակարդակից: ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագիրը, համադրելով կրթական և տեխնոլոգիական ռեսուրսները, հասանելի է հայկական դպրոցների և համայնքային կենտրոնների համար:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլադիս Բերեջիկյանի հետ հանդիպման ընթացքում դոկտ. Զորյանը նախ նրան փոխանցեց ՀԲԸՄ կենտրոնական վարչության շնորհավորական ուղերձն ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրեց ՀԲԸՄ-ի և ՀՎՀ-ի ծրագրերը: Ծանոթանալով ՀԲԸՄ-ի առաքելությանը և գլոբալ գործունեությանը՝ վարչապետն իր հետաքրքրությունն արտահայտեց ներկայիս նախաձեռնության և երիտասարդական հաջողված ծրագրերի նկատմամբ:

Սիդնեյում դոկտ. Զորյանն այցելեց ՀԲԸՄ Ալեք Մանուկյան շաբաթօրյա դպրոց, որը նաև ՀՎՀ-ի հիբրիդ դպրոցներից մեկն է, և մասնակցեց հայոց լեզվի դասաժամին՝ ականատես դառնալով ՀՎՀ-ի ծրագրի կիրառմանը դասարանում: Դոկտ. Զորյանը եղավ նաև ՀԲԸՄ Ալեքսանդր դպրոցում, հանդիպեց հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և փոխանորդ Նշան Բասմաջյանի հետ: Նա նաև հանդիպումներ ունեցավ ՀԲԸՄ հանձնաժողովների և երիտասարդական խմբերի հետ, հարցազրույց տվեց «Ծիածան» ռադիոյին և ՀԲԸՄ-ի «Միություն» պարբերականին:

«Հաճույքով տեղեկացա ՀՎՀ-ի գործունեության մասին: Ես անպայման կծանոթանամ ծրագրի մանրամասներին՝ այս մեթոդն իմ դասարանում ներդնելու համար»,- ասաց ՀԲԸՄ Ալեքսանդր դպրոցի ուսուցչուհի Սեդա Քեոշկերյանը:

Գևորգ Քրոզյանը դոկտ. Զորյանին ուղղված իր խոսքում նշում է. «Ընդունեք շնորհավորանքներս ՀՎՀ-ի կարևոր աշխատանքի համար: Որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչ, երկար տարիներ դպրոցներում թվային տեխնոլոգիաների առաջնորդ, 1998 թվականից Ավստրալիայի Վիկտորիա նահանգում հայկական ավագ դպրոցում դասընթացի հեղինակ և հայոց լեզվի գլխավոր փորձագետ՝ ոգևորությամբ կհետևեմ երկլեզու համայնքներում հայկական կրթության հետագա զարգացումներին»:

ՀԲԸՄ Սիդնեյի ատենապետ Միհրան Լեփեջյանի և ՀԲԸՄ Մելբուրնի ատենապետ Մարալ Չորբաջյանի ջանքերով դոկտոր Զորյանի կարճատև այցը հայկական այս երկու համայնքներ լիարժեք և արդյունավետ դարձավ: