login
Հոդվածներ
Քննարկումներից անցում գործնական քայլերի. ՀԲԸՄ ՀՎՀ-ն Ջավախքի հայերի համար 10/20/2017

2017 թվականի սեպտեմբերի 12-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանին և իր խորհրդական Անի Պետրոսյանին:

 

2014 թվականին հիմնադրված ՋԱՀ-ի նպատակն է՝ խթանել Վրաստանի հայաբնակ շրջանների տնտեսական, մշակութային ու կրթական զարգացումը, նպաստել հայ-վրացական համագործակցությանը:

 

Հանդիպման ընթացքում ՀՎՀ-ի ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը և հիբրիդ կրթության ծրագրի պատասխանատու Արփինե Թավաքալյանը ներկայացրեցին ՀՎՀ-ի օնլայն դասավանդման հնարավորությունները: ՀՎՀ-ի և ՋԱՀ-ի համագործակցության արդյունքում ոչ ֆորմալ կրթությունը պետք է հասանելի լինի նաև Ջավախքի հայերի համար:

 

2017 թվականի հոկտեմբերին ՀՎՀ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ջավախահայ ուսանողների, դպրոցականների և հայկական համայնքների անդամների հետ: Հանդիպման նպատակը ջավախահայերի շրջանում ՀՎՀ-ի գործունեության և օնլայն կրթության հնարավորությունների մասին իրազեկումն էր:

 

ՀԲԸՄ ՀՎՀ-ի գործառնական տնօրեն Գառնիկ Սևոյանը և հիբրիդ կրթության ծրագրի պատասխանատու Արփինե Թավաքալյանը խոսեցին համալսարանի առաքելության, դասավանդման եղանակների և օնլայն կրթության առավելությունների մասին, ներկայացրեցին մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերը, դեմո դասերը: Մասնակիցները, բարձր գնահատելով ՀՎՀ-ի կատարած հայրենանվեր աշխատանքը, բազմաթիվ հարցեր տվեցին: Ծնունդով Ախալքալաքից, այժմ երևանաբնակ նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանն առաջարկեց ավելացնել նաև հայկական գեղարվեստի հարուստ ժառանգությունը ներկայացնող օնլայն դասընթաց:

 

Բոլոր մասնակիցները ցանկություն հայտնեցին ՀՎՀ-ի գործունեության մասին տեղեկությունը տարածել իրենց համայնքներում: ՀՎՀ-ն, հավատարիմ մնալով հայկական ժառանգությունը պահպանելու և քարոզելու իր առաքելությանը, օնլայն դասընթացները ջավախահայերին կտրամադրի անվճար: