login
Մամլո հաղորդագրությոններ
«Արհեստական բանականություն» նորարարական դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտվեց Երևանի և Գյումրու ավագ դպրոցներում 06/08/2023

Սույն թվականի հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Սինոփսիս Արմենիա ընկերության շքասրահում ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) կազմակերպել էր «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտած Երևանի և Գյումրու ավագ դպրոցների աշակերտների վկայականների հանձնման արարողությունը։ 
 

Ծրագրի մեկնարկը տրվել էր 2022թ.-ի նոյեմբերին Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում և Գյումրու Սինոփսիս Արմենիա ընկերության գիտաարտադրական մասնաճյուղի կենտրոնում՝ 10-12-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Ուսումնական տարվա ավարտին՝ 2023թ․ մայիսին Լեոյի դպրոցի 14 և Գյումրու դպրոցների 24 աշակերտներ հաջողությամբ ավարտեցին դասընթացի առաջին փուլը՝ ներկայացնելով ավարտական նախագծեր: Դասերն իրականացվել էին ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիբրիդ ուսուցման եղանակով, որը համատեղում է առցանց և առկա ուսուցումը՝ դպրոցի ուսուցչի և հեռավար դասախոսի աջակցությամբ:
 

Մինչ պարգևատրման մեկնարկը՝ դասընթացի շրջանավարտները Սինոփսիս Արմենիա ընկերության Հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Գայանե Մարկոսյանի ուղեկցությամբ կարճ շրջայց ունեցան Սինոփսիս Արմենիայի շենքում, ծանոթացան իրականացվող ծրագրերին։ 


Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Սինոփսիս Արմենիա ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը, ինչպես նաև Երևանի և Գյումրու ավագ դպրոցների աշակերտները, ուսուցիչները, ծնողները։


Ինչպես իր խոսքում նշեց դոկտոր Երվանդ Զորյանը՝ արհեստական բանականության կրթությունը շատ կարևոր է մեր ապագայի համար, ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, որի շրջանակներում առանցքային է, որ Հայաստանը հանդիսանա ոչ միայն արհեստական բանականության արտադրանքի սպառող, այլ նաև դրա ստեղծման մաս կազմի։ «Հենց դա հաշվի առնելով նաև մենք օգտագործեցինք նորագույն տեխնոլոգիաները դասավանդման մեջ՝ դասընթացն իրականացնելու և բոլորին հասանելի դարձնելու նպատակով»,-հավելեց նա։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը կարևորեց արհեստական բանականության դերը մեր օրերում, ինչով պայմանավորված առանձնացրեց երիտասարդների ձգտումներն այս ոլորտում։ «Այսպիսով, Հայկական վիրտուալ համալսարանը կարևոր ներդում ունի դասընթացի իրականացման մեջ և հուսամ՝ մինչև մյուս տարի ուսանողների թիվը կավելանա ևս մեկ զրոյով»,-նշեց պարոն Մանթաշյանը։


Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանի խոսքով՝ դասընթացը մշակելիս առանցքային է եղել ստեղծել այնպիսի բովանդակություն, որը դյուրին կընկալվի աշակերտների կողմից և կմոտիվացնի հետագայում իրենց գիտելիքները խորացնելու համար։ 


ՏՀՏ գործատուների  միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը շնորհավորելով շրջանավարտներին՝ պատմեց տեսադասերի համադրման, այդ ընթացքում իրականացված աշխատանքների մասին, որոնց արդյունքում իրագործվեց համատեղ նախագիծը։


Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան նաև «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շահառուները։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ, որի շրջանակներում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 15 ստարտափ հիմնադիրներին հնարավորություն տրվեց մուտք գործել Սիլիկոնյան հովտի էկոհամակարգ, ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ և զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները։ 
 

Միջոցառումն ամփոփվեց աշակերտների վկայականների հանձնման պաշտոնական արարողությամբ։
 

«Արհեստական բանականություն» դասընթացը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից՝ Սինոփսիս ընկերության հիմնադրամի ֆինանսավորմամբ, ի նպաստ Հայաստանում և Արցախում STEM (գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԳՏՃՄ)) կրթության զարգացման։ Դասընթացի բովանդակությունը մշակվել է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի կողմից, իսկ փորձագիտական գնահատումն իրականացրել են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի արհեստական բանակության ոլորտի առաջատար փորձագետները։ Տեսադասերի համադրումն իրականացրել է «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» (ՏՀՏ ԳՄ) կողմից։ Տեսադասերի մուլտիմեդիա անհրաժեշտ բաղադրիչների ներդրումը և հեռավար ուսուցման իրականացումն ապահովել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀԲԸՄ ՀՎՀ)։ Դասընթացը բաղկացած է 3 փուլից, մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերից՝ հագեցած հեռավար ուսուցման արդիական լուծումներով։
 

2022թ․ ապրիլ-մայիս ամիսներին դասընթացի պիլոտային ծրագիրն հաջողությամբ ներդրվեց Արցախում, որի արդյունքներն ամփոփվեցին 2022թ. հոկտեմբերի 31-ին։ Առցանց միջոցառման ընթացքում դասընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտած 12 աշակերտները ստացան ավարտական վկայականներ։

ԱԲ դասընթացի մասին տեսանյութը դիտել այստեղ։

2022թ․ առցանց միջոցառման տեսագրությունը դիտել այստեղ։


ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի մասին

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատություն է։ 2009 թվականից ի վեր ՀԲԸՄ ՀՎՀ-ի առաքելությունն է նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայկական համապարփակ կրթություն ստանալու հնարավորություն տալ բոլորին` անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից։ Աշխարհում տեղի ունեցող էլեկտրոնային ուսուցման վերջին զարգացումներին զուգընթաց` ՀՎՀ-ն ստեղծել է կրթական վիրտուալ համայնք՝ խթանելով ինչպես մշակութային կրթությունը, այնպես էլ սոցիալական հաղորդակցությունը։ 
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիրը և հովանավորն է: ՀԲԸՄ-ն ամենախոշոր շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է աշխարհում, որը հիմնադրվել է 1906 թվականին: 

ՀԲԸՄ ՀՎՀ-ի գործունեության և ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.avc-agbu.org կայքը: