login
Մամլո հաղորդագրությոններ
Շախմատի համահայկական 3-րդ ճամբարը և մրցաշարն ավարտվեց մեծ հաջողությամբ 09/05/2023

ԵՐԵՎԱՆ – Շախմատի համահայկական 3-րդ ճամբարի և մրցաշարի ամփոփումը տեղի ունեցավ շաբաթ օրը, սեպտեմբերի 2-ին՝ առցանց հանդիսավոր արարողությամբ։ Մրցաշարն անցկացվեց առցանց օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը։ Մրցաշարին նախորդեց 20-օրյա առցանց ճամբարը, որի ընթացքում կազմակերպվեցին վարպետության դասեր և համաժամանակյա խաղեր Հայաստանի շախմատի առաջատար գրոստմայստերների մասնակցությամբ։


Մրցաշարի հաղթողների անունները հայտարարվեցին փակման արարողության ընթացքում․
•    առաջին մրցանակակիր՝ Արգիշտ Ոսկանյան, 15տ․, Ռուսաստան 
•    երկրորդ մրցանակակիր՝ Կարեն Եսայան, 12տ․, Հայաստան
•    երրորդ մրցանակակիր՝ Ռաֆիկ Կալիջյան, 18տ․, Հայաստան


Հաղթողները և մրցաշարի ակտիվ մասնակիցները ստացան վկայականներ և մրցանակներ։ 


Միջոցառմանը ներկա էին շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Միխայիլ Խոդարկովսկին, աշխարհահռչակ գրոստմայստերներ և հայազգի շախմատի չեմպիոններ, ինչպես նաև մրցաշարի մասնակիցները։ 


Շախմատի համահայկական 3-րդ ճամբար-մրցաշարը համախմբեց 8-18 տարեկան շուրջ 340 հայ պատանիների 20 երկրից։ Այն նախաձեռնվել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից։ 


Իր բացման խոսքում դոկտ․ Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ասաց․ «Երկու տարի առաջ՝ համավարակի ընթացքում, մենք նախաձեռնեցինք այս մրցաշարը՝ մարդկանց համախմբելու և միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տալու համար»։ Առաջին մրցաշարից հետո ՀՎՀ-ի կրթական առցանց հարթակում ստեղծվեց շախմատի համահայկական համայնք։ «Այժմ մենք ունենք շախմատի համահայկական համայնք, որը կազմված է շախմատ խաղի սիրահար ավելի քան 1200 անդամից»,-հավելեց դոկտ․ Զորյանը։ 


Միջոցառման պատվավոր հյուր, 1985-2000 թվականների շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը նշեց․ «Ես շատ ուրախ եմ, որ այս մրցաշարին մասնակցում են մեծ թվով շախմատասեր հայ պատանիներ։ Մեր ազգն իր երկարամյա դժվարին պատմության ընթացքում միշտ պայքարել և գոյատևել է իր մտավոր արժեքների շնորհիվ։ Եվ կարծում եմ, որ ինտելեկտուալ հրաշալի մրցաշարին ձեր մասնակցությունը շատ կարևոր է։ Այն ցույց է տալից, որ ոչինչ չի կարող կանգնեցնել հայ ժողովրդին՝ իր ինտելեկտուալ արժեքները զարգացնելու և առաջ շարժվելու ճանապարհին»։


ՖԻԴԵ-ի փոխնախագահ Միխայիլ Խոդարկովսկին հավելեց․ «Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել այս միջոցառմանը և շնորհավորել ձեզ այս հաջողությունների համար։ Հայ շախմատիստները միշտ փայլել են աշխարհի երիտասարդական և եվրոպական առաջնություններում, ինչպես նաև շախմատի աշխարհի օլիմպիադայում»։ 


Հաջորդիվ ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Սմբատ Լպուտյանը, գրոստմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովի նախագահ։ «Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայկական վիրտուալ համալսարանին, որ արդեն 3-րդ տարին է մեծ սիրով և մեծ ցանկությամբ իրականացնում է այդքան հետաքրքիր և շատ կարևոր մրցաշարը մեր երեխաների համար։ Շախմատի ակադեմիան մեծ ուրախությամբ է համագործակցում ՀՎՀ-ի հետ։ Եվ մեր համագործակցությունը միշտ շատ արդյունավետ է եղել»,- ասաց պարոն Լպուտյանը։


Շախմատի մրցաշարը բաղկացած էր երկու փուլից։ Կիսաեզրափակիչ խաղերն ընթացան ըստ 4 տարածաշրջանների՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա և Ռուսաստան, Միջին Արևելք, Աֆրիկա, Ասիա և Օվկիանիայի երկրներ, Հայաստան և Արցախ։ Արդյունքում 20 լավագույնները մրցեցին եզրափակչում՝ առաջին երեք հաղթական տեղերի համար։
Մրցաշարի մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին՝ նախաձեռնության համար։ Նրանք ուրախ էին, որ հնարավորություն ունեցան մասնակցել, սովորել գրոստմայստերների փորձից և ձեռք բերել նոր ընկերներ։ 
Փակման արարողության ընթացքում Հայաստանի շախմատի գրոստմայստերներ Մանուել Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը արագ շախմատի մի պարտիա խաղացին ներկաների համար, իսկ վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել խաղ-վիկտորինայի՝ շահելով մրցանակներ։ 


Շախմատի համահայկական 3-րդ ճամբար-մրցաշարը համախմբեց շախմատասեր հայ պատանիներին ամբողջ աշխարհից՝ նպաստելով շախմատ խաղի կրթության զարգացմանը և տարածմանը։ Վստահաբար մրցաշարը շատ սիրված և սպասված միջոցառում է դարձել և դեռ հաջողություններ կարձանագրի։ 


Դիտեք Շախմատի համահայկական 3-րդ ճամբար-մրցաշարի թրեյլերը՝ այստեղ։ 
Դիտեք Շախմատի համահայկական 3-րդ ճամբար-մրցաշարի փակման արարողության տեսագրությունը՝ այստեղ։ 

 

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի մասին


ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատություն է։ 2009 թվականից ի վեր ՀԲԸՄ ՀՎՀ-ի առաքելությունն է նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայկական համապարփակ կրթություն ստանալու հնարավորություն տալ բոլորին` անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից։ Աշխարհում տեղի ունեցող էլեկտրոնային ուսուցման վերջին զարգացումներին զուգընթաց`ՀՎՀ-ն ստեղծել է կրթական վիրտուալ համայնք՝ խթանելով ինչպես մշակութային կրթությունը, այնպես էլ սոցիալական հաղորդակցությունը։ 
 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիրն է և հովանավորը: ՀԲԸՄ-ն ամենախոշոր շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է աշխարհում, որը հիմնադրվել է 1906 թվականին: 

ՀԲԸՄ ՀՎՀ-ի գործունեության և ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.avc-agbu.org կայքը: