login
Մամլոյ հաղորդագրութիւն
Շախմատի համահայկական 2-րդ ճամբարը և մրցաշարն ավարտվեց մեծ հաջողությամբ 08/15/2021

Շախմատի համահայկական 2-րդ ճամբարը և մրցաշարը մեծ հաջողությամբ անցկացվեց առցանց սույն թվականի հուլիս 26-ից օգոստոսի 12-ը։ Այս շատ սպասված շախմատային իրադարձությունը եզրափակվեց փակման առցանց արարողությամբ, որի ընթացքում հայտարարվեցին տարածաշրջանային կիսաեզրափակիչների և եզրափակչի երեք հաղթողների անունները։ 


Փակման առցանց միջոցառմանը մասնակցեցին պատվավոր հյուրեր Շախմատի միջազգային ֆեդերացիայից (ՖԻԴԵ), Հայկական բարեգործական ընդհանուր միությունից (ՀԲԸՄ), Հայկական վիրտուալ համալսարանից (ՀՎՀ), Հայաստանի շախմատի ակադեմիայից (ՀՇԱ), ինչպես նաև շախմատի հայ անվանի գրոստմայստերներ։ Հյուրերի թվում էին ՖԻԴԵ-ի գործադիր տնօրեն Դանա Ռեյզնիեցե-Օզոլան, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի ղեկավար և Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը։ ՀԲԸՄ-ն ներկայացնում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը և ՀԲԸՄ Տորոնտոյի գործադիր տնօրեն Սալպի Տեր-Ղազարյանը։ Միջոցառման պատվավոր հյուրերն էին Հայաստանի շախմատի ազգային հավաքականի մարզիչ և միջազգային գրոստմայստեր Արշակ Պետրոսյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը և Եվրոպայի կանանց չեմպիոն Լիլիթ Մկրտչյանը։

 

Միջոցառման ավարտին հայտարարվեցին հաղթողների անունները․

 

- առաջին մրցանակակիր․ 16-ամյա Ալեքսանդր Ավանեսով  (Հայաստան),
- երկրորդ մրցանակակիր․ 11-ամյա Նարեկ Ղազարյան (Հայաստան),
- երրորդ մրցանակակիր․ 14-ամյա Արա Դավթյան (Հայաստան)։

 

10-ամյա Արսեն Քենյանը Սիրիայից արժանացավ հատուկ մրցանակի ակտիվ մասնակցության համար։ Արսենը նաև Սիրիայի մինչև 10 տարեկանների շախմատի չեմպիոնն է և ՀՎՀ-ի շախմատի համահայկական համայնքի ակտիվ անդամը։ Բոլոր հաղթողները ստացան արժեքավոր նվերներ ՀՎՀ-ի կողմից։

Շախմատի համահայկական մրցաշարը նախաձեռնել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համագործակցությամբ։ Առաջին մրցաշարը տեղի ունեցավ 2020թ․ ամռանը, երբ ամբողջ աշխարհում «լոքդաուն» էր հայտարարված համավարակի պատճառով։ Մրցաշարին մասնակցեց 500 շախմատասեր 36 երկրից, ստեղծվեց համահայկական շախմատային վիրտուալ համայնք։ Նախորդ մրցաշարի մասնակիցներից շատերը միացան այս տարվա հարյուրավոր նոր մասնակիցներին աշխարհի 18 երկրից։


Դանա Ռեյզնիեցե-Օզոլան շնորհավորեց մրցաշարի կազմակերպիչներին և մասնակիցներին, հավելելով․ «Երկրորդ տարին է իրականացնում եք այս հիանալի նախաձեռնությունը ՝ համախմբելով ձեր ազգի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից։   Հրաշալի նախագիծ է, որը կարող է որպես օրինակ ծառայել»։

 

Իրենց շնորհավորական խոսքում դոկտ․ Երվանդ Զորյանը և Սմբատ Լպուտյանը գոհունակությամբ նշեցին ՀՎՀ-ի, ՀԲԸՄ-ի և ՀՇԱ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության մասին, որի արդյունքում տարիներ ի վեր բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանում և արտերկրում՝ ի նպաստ հայկական շախմատի զարգացման։

 

«Մենք ստեղծել ենք մեծ վիրտուալ համայնք, որն արդեն 810 անդամ ունի ամբողջ աշխարհից։ Համահայկական շախմատային այս համայնքը միշտ բաց կմնա, կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, խաղեր, վարպետաց դասեր և նորանոր մրցաշարեր»,- ասաց դոկտ․ Զորյանը։

 

«Հուսով եմ, որ գալիք ժամանակներում այս մրցաշարը կլինի շատ տարածված և շատ կարևոր, և մենք համատեղ կփորձենք այս մրցաշարը դարձնել շախմատային մեծ տոն»,- հավելեց Սմբատ Լպուտյանը։

 

Մասնակիցներից շատերը խոսեցին մրցաշարի կարևորության մասին՝ նշելով, որ վերջինս լավ հնարավորություն էր հանդիպելու և հաղորդակցվելու հայ շախմատիստների հետ ամբողջ աշխարհից։ Եվրոպայի եզրափակչի հաղթող 13-ամյա Դիմիտրիոս Լևոն Զաքարյանը Մեծ Բրիտանիայից ասաց․ «Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա շախմատ խաղալ հայ շախմատիստների հետ տարբեր երկրներից»։   

 

Առաջին տարվա հաջողություններից հետո՝ 2-րդ մրցաշարի կազմակերպիչները հարստացրեցին և ընդայնեցին ծրագիրը։ Այս տարի մրցաշարին նախորդեց մեկշաբաթյա ճամբարը, որի ընթացքում կազմակերպվեցին վարպետաց դասեր և համաժամանակյա առցանց խաղեր։

 

Երիտասարդ շախմատասերներին բացառիկ առիթ ընձեռնվեց շախմատ խաղի գաղտնիքները սովորել Հայաստանի կանանց քառակի չեմպիոն Մարիա Գևորգյանից և 2020 թվականի Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանից և իրենց հմտությունները ցուցադրել  գրոսմայստերներ Աննա Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի և Տիգրան Հարությունյանի հետ խաղերում:

 

Մրցաշարն անցկացվեց երկու փուլով՝ չորս տարածաշրջանային կիսաեզրափակիչներով, որոնց հաջորդեց եզրափակիչ խաղերի տասնմեկ մրցափուլ: Մրցակցությունը թեժ էր, իսկ խաղացողների մեծ մասը 20 տարեկանից փոքր էին։

 

Փակման արարողության ավարտին անցկացվեց խաղ-վիկտորինա։ Ներկաները հնարավորություն ունեցան ցուցադրելու շախմատի, ՖԻԴԵ -ի և ՀԲԸՄ-ի պատմության և հայագիտության բնագավառի իմացությունը և շահելու արժեքավոր մրցանակներ։


Այս հղումով կարող եք դիտել Շախմատի համահայկական 2-րդ մրցաշարի և ճամբարի փակման առցանց արարողության տեսագրությունը․ https://www.youtube.com/watch?v=JRyT9lZyKzE: