login
Մամլոյ հաղորդագրութիւն
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է իր «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի երկրորդ մասի մեկնարկը 05/11/2020

ԵՐԵՎԱՆ – Երկուշաբթի, մայիսի 11-ին մեկնարկում է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի ՀՎՀ) «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» դասընթացի երկրորդ մասը՝ անվճար հիմունքներով և հասանելի բոլոր մասնակիցների համար ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:

Դասընթացի 2-րդ մասում սպասվում են նոր անակնկալներ և նոր բացահայտումներ: Չորս շաբաթների ընթացքում (մայիս 11 - հունիս 6) ՀՎՀ-ի առցանց հարթակում կներկայացվեն մուլտիմեդիա ինտերակտիվ նյութեր՝ նվիրված հայկական ժառանգությանը, այդ թվում՝ պատմություն, երաժշտություն, ճարտարապետություն, գինեգործություն, գաստրոնոմիա, շախմատ, արհեստ և արվեստ: ՀՎՀ-ի կայքում մշտապես հասանելի թեմաներին զուգահեռ կանցկացվեն ֆորում-քննարկումներ ու առցանց հանդիպումներ ՀՎՀ-ի հեռավար դասախոսների և դասընկերների հետ:

Հաշվի առնելով «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի մաս 1-ի մասնակիցների կարծիքները և առաջարկները՝ այս անգամ կլինեն նաև թեմատիկ առցանց հանդիպումներ փորձագետների հետ, որոնց կարող են մասնակցել հայկական ժառանգությամբ հետաքրքրված ամեն ոք:

«ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի առաջին մասը մեկնարկել էր 2020թ. մարտի 26-ին՝ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները: Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կազմակերպվեցին վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: Առցանց հանդիպումները դարձան սոցիալական հաղորդակցության հիանալի միջոց՝ նպաստելով նոր ծանոթությունների և ընկերական կապերի ձևավորմանը:

Այս նախաձեռնությունը մեծապես ողջունեց Հայաստանի կառավարությունը և ստացավ մասնակիցների դրական արձագանքներն ամբողջ աշխարհից:

«Բարձր եմ գնահատում ՀՎՀ-ի կատարած աշխատանքը: Հիանալի ծրագիր է, որից բոլորն անխտիր կարող են մեծ օգուտ քաղել»: (Նայիրի Լևոնի Ջիջի, Կանադա)

«Հրաշալի և բովանդակությամբ հարուստ կրթական փորձառություն ինքնամեկուսացման այս օրերին»: (Մարալ Վուրի, Շվեյցարիա)

«ՀՎՀ-ի շնորհիվ ես բարելավեցի արևմտահայերենի իմ մակարդակը: ՀՎՀ-ի ընտանիքի անդամ լինելն ինձ համար հաճույք է»: (Արման Կոսայան, Թուրքիա)

ՀՎՀ-ի առցանց կրթահարթակում գրանցվելու համար այցելեք` www.avc-agbu.org

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ)

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրվածօնլայնուսումնական հաստատություն է, որն առաջարկում է հայկական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ի առցանց ծրագրերը, ներառյալ՝ առցանց դասընթացներ, մուլտիմեդիա էլ. գրքեր, վիրտուալ այցելություններ և միջոցառումներ, հասանելի են նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայկական ժառանգությամբ, ովքեր չունեն հայկական կրթական ավանդական ծրագրերին մասնակցելու հնարավորություն, ովքեր ցանկանում են հարստացնել արդեն իսկ գործող ուսումնական ծրագրերը: ՀՎՀ-ի առաքելությունն է՝ ստեղծել կրթական առցանց համայնք՝ խթանելու մշակութայինկրթությունը և զարգացելու սոցիալական հաղորդակցությունն ամբողջ աշխարհում: