login
Пресс-релизы
Համացանցը և հայկական ինքնությունը Կապվածություն տեխնոլոգիայի միջոցով՝ ինքնության վերակենդանացման նոր հնարավորությունները 09/19/2017

Ի՞նչ պահանջներ և կարիքներ ունի հայ ազգն այսօր սփյուռքում և Հայաստանում: Սփյուռք, որտեղ հայկական ինքնությունը պահելու համար սահմանափակ ավանդական հաստատություններ կան: Հայեցի դաստիարակության համար հայկական կրթական ավանդական ծրագրերի քանակը և հասանելիությունը հայ ուսանողների համար սահմանափակ է: Հայ մանուկների և երիտասարդների միայն 2-3%-ը կարող է հաճախել ամենօրյա կամ շաբաթօրյա ավանդական դպրոցներ: Հայաստան, որտեղ հայկական կրթական ավանդական ծրագրերը հասանելի են, բայց արդիականացման կարիք ունեն:

 

Մենք՝ հայերս, ունենք ձևավորված ընդհանուր պատկանելիության զգացում, որով էլ կանխորոշում ենք մեր ազգային ինքնությունը: Ինքնություն, որն ամրացած է մի շարք հիմնասյուների վրա՝ լեզու, պատմություն, կրոն, տարածք, մշակույթ, ավանդույթներ, խորհրդանիշներ, հպարտություն և հերոսներ: Մեր օրերում, երբ կա կապերի թուլացման և տվյալների կորստի միտում և հայերի պայքարն իրենց հայկականության պահպանման համար առօրեական է, ինքնության պահանջը հատկապես ակներև է հայրենիքի սահմաններից դուրս ձևավորված համայնքներում:

 

ՏՏ ոլորտի արագընթաց զարգացման, թվային կամ ցանցային համակարգերի, «ամպային» (cloud) ենթակառուցվածքների, իրերի ինտերնետի պայմաններով թելադրված ձևավորվում են նոր իրողություններ, որոնք նորանոր մարտահրավերներ են նետում կյանքի բոլոր բնագավառներին: ՏՏ ոլորտում տեղի ունեցած հիմնական փոփոխություններ կան, որոնք ուղղակիորեն ազդում են հայերի և ինքնության պահպանման հարցերի վրա. «թվային սփյուռքը» գալիս է փոխարինելու ավանդական «սփյուռք» հասկացողությանը, առաջանում է կրթական նոր մշակույթ:

 

Որո՞նք են «թվային սփյուռքի» նոր ընկալումները՝ տեղեկատվության շրջանառություն մի կողմից սփյուռքի և հայրենիքի միջև, մյուս կողմից հայկական անդրազգային համայնքների միջև:

 

Ստեղծված այս վիտուալ միջավայրը տարբեր ճանապարհներով է նպաստում ինքնության վերակենդանացմանը, բայց հատկապես կապվածության միջոցով: ՏՏ ոլորտի փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողել նաև կրթական ոլորտի վրա: Առաջ է եկել սովորողների մի նոր տեսակ, ում համար տեխնոլոգիան տեղեկություն ստանալու միջոց է դարձել:

 

Բացի այդ այսօր այն, թե ինչպե՞ս ենք մենք սովորում նույնքան կարևոր է դարձել, որքան թե ի՞նչ ենք սովորում: Կրթական նոր մշակույթը սոցիալական և տեխնիկական ենթակառուցվածքները նորովի օգտագործելու կարիք ունի, ինչը ենթադրում է գրավիչ և նորարարական փորձառության հնարավորություն հայերի համար:

 

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանն իր առաքելությամբ և նպատակներով լրացնում է այդ բացը՝ առաջարկելով հայագիտական որակյալ կրթական էլ. արտադրանք: ՀՎՀ-ն, հայկական կրթությունը հասանելի դարձնելով բոլորի համար և ամենուր, միևնույն ժամանակ ստեղծում է կապվածության հնարավորություն, վերաձևավորում է կրթական նոր հնարավորությունները՝ զուգորդելով ավանդական կրթությունը նոր տեխնոլոգիաների հետ:

 

Ի՞նչ է առաջարկում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը.

  • հայոց լեզվի, պատմության, մշակույթի և շախմատի e-դպրոց,
  • օնլայն դասընթացներ դասավանդման յոթ լեզուներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն,
  • օնլայն կրթություն՝ հասանելի բոլորի համար՝ անկախ տարիքից (7-83), բնակության երկրից (80+), կամ գիտելիքների մակարդակից (սկսնակից մինչև բարձր մակարդակ):
  •  

 Իր հիմնադրման օրվանից (2009թ.) մինչև այսօր ՀՎՀ-ն ունեցել է շուրջ 23.000 e-սովորող 86 երկրից և համագործակցել է թվով 35 դպրոցի և համայնքի հետ ամբողջ աշխարհում:

 

ՀՎՀ-ի նախաձեռնած ծրագրերը բազմաբնույթ են՝ վիրտուալ հանդիպումներ, մուլտիմեդիա էլ. գրքեր, հեռուստադպրոց, վեբինարների շարք, սեմինարներ, գիտաժողովներ, լեզվի e-ակումբներ (e-Hangouts): Միջոցառումների շարքին են պատկանում վիրտուալ այցելությունները դեպի թանգարաններ, տեսարժան և մշակութային վայրեր, հայկական ավանդույթների, ծեսերի, տոների, պատմական իրադարձությունների ներկայացում-քննարկումները, այլ:

 

ՀՎՀ-ի մեծ արձագանք ստացած նախաձեռնություններից է նաև մուլտիմեդիա էլ. գրքերի շարքը: Ժամանցային ընթերցանության և կրթական նպատակներով ստեղծված այս էլ. գրքերը, որ հագեցած են մուլտիմեդիա ինտերակտիվ լուծումներով և հասանելի են տաբլետների, սմարթֆոների և համակարգիչների համար, նվիրված են հայկական մշակույթին, պատմությանը, զբոսաշրջությանը, տնտեսությանը, ժողովրդական արվեստին:

 

Հայկական ժառանգությունն ընթերցողների հնարավորինս մեծ լսարանին ներկայացնելու նպատակով էլ. գրքերը թարգմանված են ՀՎՀ-ի դասավանդման յոթ լեզուներով: Վերջերս ՀՎՀ-ն սկսեց կազմակերպել նաև լեզվի e-ակումբներ՝ համալսարանի վիրտուալ համայնքին հնարավորություն տալով խոսել հայերեն, բարելավել բանավոր խոսքը, քննարկել արդիական թեմաներ, օնլայն հանդիպել իրենց նախկին դասընկերներին և հեռավար ուսուցիչներին, այսպիսով՝ կապի մեջ մնալ աշխարհասփյուռ հայ համայնքի հետ:

 

ՀՎՀ-ն դիտարկելով որպես ռազմավարական գործիք և որպես հիմք ընդունելով «գիտելիք + կապվածություն = ինքնություն» սկզբունքը՝ ամփոփենք ՀՎՀ-ի առաքելությունը.

  • վերակենդանացնել հայկական ինքնությունը,
  • կապ ստեղծել հայերի միջև ամբողջ աշխարհում,
  • թիրախում պահել երիտասարդությանը,
  • տարածել հայ լինելու և հայկականության հպարտությունը,
  • օգնել ոչ ավանդական հայերին,
  • հասնել նոր ձևավորված սփյուռքին,
  • ծառայել Թուրքիայի հայկական համայնքներին,
  • աջակցել Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը,
  • շարունակել հավատարիմ մնալ հայկական կրթությանը:

 

 

Դոկտոր Երվանդ Զորյան, ՀՎՀ հիմնադիր-նախագահ