login
Հայացք ներսից
«Շատ եմ ուզում անցնել ՀՎՀ բոլոր դասընթացները, քանի որ դրանք շատ օգտակար են» 04/26/2024

ՀԲԸՄ ՀՎՀ ուսանող Ֆրանչեսկո Ջոմմոնին Իտալիայից տարբեր իրադարձությունների և անձնական կապերի միջոցով կարողացել է ուսումնասիրել և բացահայտել հայկական հարուստ մշակույթը: Սա շատ հետաքրքիր պատմություն է․ 2011 թվականին նա տեղափոխվեց Վենետիկ և Ca’ Foscari համալսարանում սկսեց սովորել և ուսումնասիրել ասիական լեզուները։

 

Համալսարանի մոտ եղել է մի հաստատություն, որն ամեն անգամ գրավել է Ֆրանչեսկոյի ուշադրությունը, երբ անցել է դրա դարպասների կողքով։ Նրան անչափ հետաքրքրել են պալատի նմանվող այդ շենքի պատերի գրվածքները։

 

Պարզվել է, որ Վենետիկի Մխիթարյան միաբանության Մուրադ-Ռափայելյան վարժարանն է։ Հնդկահայ համայնքի նշանավոր հայերի՝ Սամուել Մկրտիչ Մուրադի և Էդուարդ Ռափայելի հովանավորությամբ բացված վարժարանը անվանի ուսուցիչների շնորհիվ ուսանողներին ապահովում է որակյալ կրթությամբ։

 

Ուսման ընթացքում Ֆրանչեսկոն իր հայոց լեզվի և գրականության դասախոսի շնորհիվ ծանոթացավ հայկական մշակույթին և ուսումնասիրեց արևելքի քրիստոնյաների պատմությունը: Հատկապես հիշում է, թե ինչքան տպավորված էր Հայաստանում քրիստոնեության տարածմանը նվիրված դասախոսությամբ։ Նա նաև ուսումնասիրել է Կովկասի պատմությունը, իսկ ուսուցիչը հետագայում դարձել է իր մագիստրոսական թեզի ղեկավարը։

 

Ավելի ուշ Ֆրանչեսկոն հնարավորություն է ունեցել  այցելել Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որը 1717 թվականից եղել է Մխիթարյան միաբանության մայրավանքը։

 

Հայկական մշակույթի հանդեպ Ֆրանչեսկոյի հետաքրքրության պատճառը ոչ միայն հայկական կառույցներն էին, այլև մարդիկ: «Իտալիայում և արտասահմանում հանդիպեցի որոշ հայերի և ձեռք բերեցի շատ հայ ընկերներ։ Հենց այս պատճառով որոշեցի ավելի խորը ուսումնասիրել հայկական մշակույթը, լեզուն գրքերի և ֆիլմերի միջոցով։ Գրքերից կցանկանայի առանձնացնել Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գիրքը», - նշում է Ֆրանչեսկոն:

 

Ֆրանչեսկոն այժմ էլ ՀԲԸՄ ՀՎՀ-ի ակտիվ ուսանողներից է։ «Երբեք չէի պատկերացնի, որ չորս տարվա ընթացքում ՀՎՀ-ում կավարտեմ արևելահայերենի չորս, արևմտահայերենի երեք (չորրորդն ընթացքի մեջ է) և հայոց պատմության երկու դասընթաց (երրորդն ընթացքի մեջ է)»։

 

«Հայերեն ընդհանրապես չգիտեի։ Հիմա բավականին լավ կարողանում եմ կարդալ։ Ցավոք, դեռ չեմ այցելել Հայաստան, այդ պատճառով էլ վարժ չեմ խոսում հայերեն։ Բայց փորձում եմ բարելավել բանավոր խոսքս»։

 

Բարեբախտաբար, ՀՎՀ դասընթացներն անցկացվում են հեռավար դասախոսի օգնությամբ, որի հետ ուսանողներն ունենում են անհատական հանդիպումներ։ Դասընթացների հետ մեկտեղ ուսանողները մասնակցում են նաև տարբեր միջոցառումների և խմբային հանդիպումների՝ բանավոր խոսքը բարելավելու համար։

 

«Շատ եմ ուզում անցնել ՀՎՀ բոլոր դասընթացները, քանի որ դրանք շատ օգտակար են։ Իմ ուսուցիչները՝ Մարինե Խաչատուրյանը և Անի Դեկիրմենչյանը, շատ բարեհամբույր էին և միշտ պատրաստ էին օգնել և աջակցել ամեն հարցում։ Նրանց շնորհիվ էլ ավելի սկսեցի հետաքրքրվել հայոց լեզվով և մշակույթով»։

 

ՀԲԸՄ ՀՎՀ ավագ հեռավար ուսուցիչ Անի Դեկիրմենչյանը նշում է, որ Ֆրանչեսկոն խելացի, նվիրված և ջանասեր ուսանող է։ «Նա շատ լուրջ է վերաբերվում իր՝ հայերենի դասերին, ուշադիր հետևում է իմ բոլոր խորհուրդներին և թելադրանքներին: Նա նաև ակտիվորեն մասնակցում է ՀՎՀ նախագծերին: Վստահ եմ, որ Ֆրանչեսկոն նոր բարձունքների կհասնի»,- ասում է նա։

 

Այժմ Ֆրանչեսկոն արևմտահայերեն է սովորում։ «2020 թվականին, երբ սկսեցի ուսումս թուրքագիտության մագիստրոսի կոչում ստանալու համար, ուսումնասիրեցի Թուրքիայի հայերի և հույների պատմությունը, ավանդույթները և լեզուները։ Ուստի իսկապես կցանկանայի հնարավորություն ունենալ՝ ծանոթանալու Թուրքիայի հայերի հետ, ինչպես նաև ուսումնասիրելու հայկական համայնքը և պատմությունը»։

 

2022 թվականից նա բնակվում է Կենտրոնական Ասիայում, որտեղ բազմաթիվ հայկական համայնքներ կան։ «Այսպիսով՝  2020 թվականից, երբ առաջին անգամ գրանցվեցի ՀՎՀ դասընթացներին, մշտապես կապի մեջ եմ եղել հայերի և հայկական մշակույթի հետ»:

 

Ֆրանչեսկոյի գլխավոր նպատակն է ավելի հարստացնել իր գիտելիքները՝ այցելելով Հայաստան և այլ պատմական վայրեր, ինչպիսիք են՝ Արևելյան Թուրքիան, Սիրիան, Լիբանանը, Իսրայելը, Վրաստանը և Իրանը։ Նա շատ է ցանկանում ավելին իմանալ հայկական համայնքների մասին, և ինչպես ինքն է նշում,  նպաստել հայկական ժառանգության տարածմանը։