Հայկական վիրտուալ համալսարանի և Գրանադա համալսարանի համագործակցությունը

Նոյեմբեր 25, 2013

2013 թվականը նորություններով և ձեռքբերումներով լի տարի էր ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համար: Նշանակալիցներից մեկը համագործակցությունն էր մի շարք արտասահմանյան կրթական հաստատությունների հետ:

Նոր համագործակցություն սկսվեց Իսպանիայի հանրահայտ, 5 դարյա պատմություն, ավանդույթներ և մշակույթ ունեցող Գրանադա համալսարանի հետ: Վերջինս իր ուրույն տեղն է զբաղեցնում Իսպանիայի լավագույն համալսարանների տասնյակում և առաջատար է իր թարգմանչական գործ բաժնով: ՀՎՀ-ն համագործակցություն նախաձեռնեց հենց այս բաժնի հետ:

Ըստ համալսարանների միջև կնքված համաձայնագրի` Հայկական վիրտուալ համալսարանը արևելահայերենի օնլայն դասընթացներ կտրամադրի Գրանադայի ուսանողներին` որպես երրորդ օտար լեզու: Օնլայն ուսումը կուղղորդվի իսպանախոս ՀՎՀ օնլայն ուսուցչի կողմից` հասանելի 24 ժամ/7 օր: Մուլտիմեդիա տեխնոլոգիաների վրա հիմնված և մասնագիտորեն մշակված ուսումնական նյութ պարունակող դասընթացները ուսումը կդարձնեն առավել մատչելի և հաճելի: Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կրեդիտներ կստանան Գրանադա համալսարանի կողմից, ինչը դասընթացին մասնակցելու ևս մեկ հիանալի շարժառիթ է:

Այս ծրագիրը շահավետ է երկուստեք. հայերենը` որպես հնդեվրոպական հնագույն լեզու, իր արժեքավոր ներդրումը կունենա Գրանադա համալսարանի լեզվաբանական, պատմական և մշակութային ուսումնական ծրագրում` հարստացնելով ուսանողների գիտելիքները Մերձավոր Արևելքի և արևելաեվրոպական մշակույթների վերաբերյալ: Օգտագործելով ՀՎՀ-ի կրթական մուլտիմեդիա տեխնոլոգիաները` Գրանադա համալսարանի ուսանողները հայերեն կսովորեն առավել արդյունավետորեն և նոր մեթոդով:

Հայկական վիրտուալ համալսարանի համար այս փորձը կդառնա եվրոպական կրթական հաստատությունների հետ համագործակցության ևս մեկ հաջողված ձեռքբերում: