card
login
Հոդվածներ
«Քայլ դեպի տուն» ծրագրի պատանիները ուսումնասիրեցին ՀՎՀ-ի կողմից առաջարկվող էլեկտրոնային ուսուցման հնարավորությունները 10/17/2022

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀԲԸՄ ՀՎՀ-ի երկարաժամկետ համագործակցությունը շարունակվեց նաև 2022 թվականի ամռանը՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում: Ամառվա երեք ամիսների ընթացքում ծրագրին չորս խմբով մասնակցեց ավելի քան 400 մասնակից՝ 18 երկրից, այդ թվում՝ Վրաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Ավստրիայից, Արգենտինայից,  ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Բելառուսից։


Սփյուռքի պատանիները՝ ծրագրի մասնակիցների համար անցկացված հանդիպումների ընթացքում, հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ՀՎՀ-ի կողմից առաջարկվող էլեկտրոնային ուսուցման բազմաբնույթ ծրագրերը։ ՀՎՀ-ի թիմը պատրաստել էր գրավիչ շնորհանդեսներ և խաղ-վիկտորինաներ՝ հայոց լեզվի, պատմության և մշակույթի վերաբերյալ: Նման միջոցառումները խրախուսում են հայ երիտասարդներին ավելին իմանալ իրենց արմատների, պատմամշակութային արժեքների մասին, ակտիվ ներգրավվել հայագիտական ​​ծրագրերում, որոնք առաջարկում է ՀՎՀ-ն: Շատ մասնակիցներ հետաքրքրություն ցուցաբերեցին համալսարանի կողմից ընձեռված էլեկտրոնային ուսուցման հսկայական հնարավորությունների նկատմամբ:


«Քայլ դեպի տուն» նախաձեռնությունը երկշաբաթյա կրթական և տեղեկատվական ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից և նպատակն է 13-ից 18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների շրջանում հայապահպանության գաղափարների զարգացումը: ՀՎՀ-ն աջակցում է այս ծրագրին՝ երիտասարդներին տրամադրելով լայնածավալ կրթական ռեսուրսներ, տեխնոլոգիական լուծումներով հագեցած վիրտուալ հարթակ՝ իրենց հայկական արմատներին կապված մնալու, տեղեկացված լինելու և հաղորդակցվելու հասակակիցների հետ ամբողջ աշխարհում։