login
Հոդվածներ
Հայկական վիրտուալ համալսարանը ՀԲԸՄ-ի մեկդարյա պատմությունը ներկայացնում է էլեկտրոնային ձևաչաձով Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն 12/02/2016

2016 թվականի դեկտեմբերի 2-ին ՀԲԸՄ-ի 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը պաշտոնապես ներկայացրեց իր երրորդ մուլտիմեդիա էլ. գիրքը՝ «Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» երկհատորյակը:
 

«Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» երկհատորյակի բնօրինակը՝ համահեղինակությամբ Ռայմոնդ Հ. Գևորգյանի և Վահե Թաշչյանի, հրատարակվել է 2006 թվականին՝ միության 100-ամյա հոբելյանի առթիվ: Այս տարի ՀԲԸՄ-ն նշում է իր 110- ամյակը, և գիրքը ներկայացվում է նոր ձևաչափով`հետևելով ՀԲԸՄ-ի առջև դրված կարևորագույն նպատակին, այն է՝ վերաիմաստավորել հայկական փորձը կրթության և ուսուցման բնագավառներում: Բնօրինակ գրքի բովանդակությունը՝ տեքստի և լուսանկարների առումով, պահպանվել է ամբողջությամբ: Մուլտիմեդիա միջոցները՝ ձայնագրություններ, տեսանյութեր, ժամանակագրական գրաֆիկներ և այլն, ավելացվել են երկհատորյակը թվայնացնելու, հարստացնելու և էլեկտրոնային գրքերի նոր սերնդի ընթերցողների ակնկալիքներին ու պահանջմունքներին առավել համապատասխան դարձնելու նպատակով:
 

«Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» գրքի առաջին հատորը ներկայացնում է ՀԲԸՄ-ի գործունեությունը հիմնադրման 1906 թվականից մինչև 1940-ական թվականները: Էլ. գիրքը, հիմնված լինելով արխիվային հարուստ նյութի, բնօրինակ լուսանկարների, տեսանյութերի և ժամանակագրական գրաֆիկների վրա, պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին և Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի առաքելության, մարդասիրական գործունեության մասին, ինչպես նաև ընդգրկում է աջակցությունը Հայոց ցեղասպանությունը վերապրածներին և որբերին, ՀԲԸՄ-ի վերակազմավորումը և տեղափոխությունը Փարիզ, համագործակցությունը Խորհրդային Հայաստանի հետ, գործունեությունը Մերձավոր Արևելքում: Էլ. գրքի բովանդակությունը ներկայացված է հայոց պատմության համատեքստում և, հետևապես, հիանալի աղբյուր է նրանց համար, ովքեր ցանկություն կունենան ընկալելու հետեղեռնյան հայկական սփյուռքի ձևավորման և հայկական աշխարհի վերակառուցման, ինչպես նաև Սփյուռք-Խորհրդային Հայաստան դժվար հարաբերությունների պատճառները:
 

«Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» գրքի երկրորդ հատորը ներկայացնում է ՀԲԸՄ-ի գործունեությունը 1941 թվականից մինչև 2006 թվականը: Հիմնված լինելով արխիվային փաստաթղթերի և սկզբնաղբյուրների, բնօրինակ լուսանկարների, տեսաձայնային վրա՝ էլ. գիրքը հատուկ ուշադրություն է դարձնում ՀԲԸՄ-ի դպրոցների, մշակութային և մարզական կենտրոնների կառուցմանն ուղղված ընդարձակ ծրագրին: Այն անդրադառնում է Մերձավոր Արևելքի ճգնաժամին, հայերի համար վերջինիս թողած հետևանքներին, Խորհրդային Հայաստանի, այնուհետև նաև անկախ Հայաստանի Հանրապետության հետ ՀԲԸՄ-ի հարաբերություններին: Գրքի վերջին գլուխները ներկայացնում են ՀԲԸՄ-ի ծրագրերը և հովանավորչական գործունեությունն աշխարհում: