login
Հոդվածներ
Դասախոսություն ՀՎՀ-ի մասին Ստամբուլի դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար 12/14/2015
ՀԲԸՄ ՀՎՀ նախագահ Երվանդ Զորյանի այցելությունները Ստամբուլի հայկական համայնք կարծես ավանդույթ են դարձել: 2015թ. դեկտեմբերի 14-ին «Վադիպ» կրթական կոմիտեի նախաձեռնությամբ դոկտոր Զորյանը մեկօրյա այցով կրկին Ստամբուլում էր: Նա հանդիպեց Ստամբուլի հայերի հետ` վերջիններիս ներկայացնելով ՀՎՀ-ի գործունեությունը: Հանդիպումը տեղի ունեցավ Ֆերիգյուղի թաղամասում գտնվող Նազար Շիրինողլուի անվան սրահում, որտեղ մեծ լսարան էր հավաքվել, այդ թվում, դպրոցի տնօրեններ և ուսուցիչներ: Միջոցառումն իր ողջույնի խոսքով բացեց համայնքի ակտիվ անդամ Թամար Կարասուն, որին հաջորդեց դոկտոր Զորյանի Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունը ներկայացնող ոգևորիչ շնորհանդեսը: Դոկտոր Զորյանը հատկապես շեշտադրեց ՀՎՀ-ի վերջին ձեռքբերումները, մասնավորապես, Թուրքիայից մասնակցող ուսանողների թվի աճը` ՀՎՀ-ի դասավանդման լեզուներում թուրքերենն ավելացնելուց հետո: Շնորհանդեսը հարուստ էր տեսողական և բազմապիսի մուլտիմեդիա նյութերով, և ինքնին նման էր մի փոքրիկ վիրտուալ շրջագայության Հայկական վիրտուալ համալսարանում և օնլայն կրթության աշխարհում: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ՀՎՀ-ի կրթական հիբրիդ մեթոդի մասին, համակարգ, որն իր մեջ ընդգրկում է օնլայն և ավանդական կրթության առավելությունները: Դպրոցի ուսուցիչները և տնօրենները տեղեկացան, թե ինչպես կարող են այս մեթոդը ներառել համայնքի դպրոցի կամ կենտրոնի ուսումնական ծրագրում` նորագույն և գրավիչ միջոցներով բավարարելով այսօրվա ուսանողների պահանջները: Դոկտոր Զորյանը պարոն Սարգիս Կավուսյանի և պարոն Նուրհան Պալակողլուի հետ միասին այցելեց «Ժամանակ» օրաթերթի խմբագրատուն, որտեղ համայնքի և ՀՎՀ-ի հեռանկարների վերաբերյալ հանդիպում-քննարկում ունեցավ գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ: Ստամբուլ կատարած այցելությունը և Ստամբուլի հայկական դպրոցների հետաքրքրվածությունը ևս մեկ անգամ ցուցադրեցին ՀՎՀ-ի առաքելության կարևորությունը` թիմին շահադրդելով շարունակել աշխատանքն առավել մեծ ոգևորությամբ և նվիրվածությամբ: